«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից Պավլիկ Մանուկյանին եւ նրա որդուն` Արամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նրանց փաստաբանը` Ինեսսա Պետրոսյանը, Hraparak.am-ին փոխանցեց, որ Արամի նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, նրան «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», այն դեպքում, երբ Արամը հրազենային վնասվածք էր ստացել եւ վիրահատության ենթարկվել նույն օրը:
Պավլիկ Մանուկյանի նկատմամբ առայժմ խափանման միջոց չի ընտրվել: Հայր ու որդի հրաժարվել են ցուցմունք տալուց, Արամը առհասարակ ցանկություն չի ունեցել ներկա լինելու դատական նիստին, իսկ Պավլիկ Մանուկյանը ցանկանում է ներկա գտնվել իր մասով նիստին, սակայն հայտնի չէ` առողջական վիճակը թույլ կտա, թե ոչ: Փաստաբանը նշեց, որ բուն միջադեպի մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն, Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում, որ ինքը իր ժողովրդի զինվորն է, մահանալու է նրա ոտքերի տակ: Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը գրոհ էր կազմակերպել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» նկատմամբ, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին, ինչպես նաեւ մեկ ոստիկան։
Ոստիկանությունը հաղորդել էր, թե զինյալներից Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են, մինչդեռ ՀԽ-ն հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանց առեւանգել են։ ոստիկանության կողմից գրոհ չի եղել:
«Սասնա ծռերը» հայտարարել էր հետեւյալը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան:
Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»։
Նշենք նաեւ Պավլիկ Մանուկյանը եւ որդին ազդրի հրազենային վնասվածք են ստացել, նրանց վիրահատել էին, հոր վիճակը գնահատվում է ծանր, կայուն, որդու մոտ դրական տեղաշարժ կար:
Այս նյութը դիտել են - 5973 անգամ