Գյումրիի Կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժ է կենտրոնացած:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հարյուրավոր գյումրեցիներ ժամը 20:00-ին հավաքվեցին Թատերական հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու քաղաքացիների անօրինական ձերբակալություններին դեմ:
Գյումրեցիների համբերության բաժակը լցվեց, երբ այսօր գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկեցին «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Ցուցարարները Թատերական հրապարակից շարժվել են Վարդանանց հրապարակ եւ ցանկություն ունեն հասնելու Երևան՝ միանալու երթին: Գյումրեցիները դեռ կեսօրին նախազգուշացրեցին հավաքի մասին, եթե Բարսեղյանին ազատ չարձակեն: Ինչպես երևում է՝ խոսքից անցել են գործի, միայն, ինչպես Երևանում, քաղաքացիներին այստեղ էլ խոչընդոտում են ոստիկանները: Տեղեկացանք նաև, որ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գործը կքննի Քննչական կոմիտեն: Նրան մեղադրում են ապօրինի սառը զենք պահելու մեջ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԳԱԼԱ-ն՝ խստորեն դատապարտելով Լեւոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանական հետապնդումները եւ իշխանությանը մեղադրում է Գյումրիում անկանոն վիճակ ստեղծելու համար :
«Երկրում ստեղծված ներքաղաքական լարված եւ ճգնաժամային իրավիճակում իշխանությունների կողմից ձեռնարկված ցանկացած չհիմնավորված գործողություն համարում ենք իրադրությունն ապակայունացնելու միտում՝ դրանից բխող անցանկալի հետեւանքներով, ուստի Հայաստանում, մասնավորապես Գյումրիում, լարվածության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա»-ասված է կուսակցության հայտարարությունում:
Արևիկ Հակոբյան, Գյումրի
Այս նյութը դիտել են - 6498 անգամ