Armtimes.com-ին հաջողվեց կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Տեղեկացնենք, որ բժիշկն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է, եւ ոստիկանութունը հայտարարում է, որ խումբը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին: Անահիտ Խեչոյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.
«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:
«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասաց բժշկի մայրը եւ հավելեց, որ այս պահին հեռախոսն անջատված է, եւ ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:
Հարցին, թե արդյո՞ք իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները վախեցած են, որ գտնվում են այդ տարածքում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Բոլորվին, շատ նորմալ, հանգիստ, նույնիսկ ինձ հուսադրելով, որ պանիկայի մեջ չընկնեմ, ասաց ամեն ինչ լավ է, բռնի ուժով չեն պահում իրենց, իրենց աշխատանքն են կատարում, որպես բժիշկ պարտավոր են մինչև վերջ մնալ, որովհետեւ այնտեղ կան վիրավոր մարդիկ»,- ասաց Հասմիկ Խեչոյանը: