Նրանց շնորհիվ եմ ապրում այս հողի վրա...
2016-07-28 00:13:00

Սա այն տարածքն է, որտեղով ես ամեն օր անցնում եմ, այստեղից մի փոքր թեքվում, աստիճաններով իջնում եմ մեր շենքի նկուղը, որտեղ պատսպարվում ենք, երբ հրետակոծում են մեզ: Այն շատ խոնավ է, բորբոսնած, երբեմն ջրեր են թափվում, երբեմն կրծողներ են երևում, բայց մենք հարմարվում ենք, և ես ուրախ եմ, որ այստեղ եմ ապրում: Այդտեղից ոչ շատ հեռու մի այգի ունեմ, մի փոքրիկ հողակտոր, որ դարձել է թաղամասի երեխաների համար մի սիրուն հավաքատեղի. թող հավաքվեն, ուրախանան, ոչինչ, որ այնտեղից ոչ մի բան չեմ վերցնում: Այստեղից ևս մի քանի քայլ, հասնում եմ իմ բնակարանը, բայց փոշոտ եմ լինում, երբեմն ցեխոտված՝ նայած եղանակին, էլի հարմարվում եմ, որ այստեղ եմ ապրում:

Արևը պայծառ փայլում է վերևից, ու ես կկոցում եմ աչքերս, երկինքը կապույտ է, լազուր, ու ես մոռանում եմ, որ երբեմն փոշոտ եմ լինում կամ գուցե և ցեխոտ, բայց խաղաղ է իմ շուրջը, և ես ուրախ եմ, որ այստեղ եմ ապրում: Ես գոհ եմ իմ կյանքից, երբ խաղաղ է երկինքը, արևոտ օրս էլ ինձ մի պահ մոռացնել է տալիս մեր ապրած տագնապալից օրերը…Հոգիս հանգիստ է, երբ շուրջս խաղաղ է, երբ մարդիկ ոխ չունեն միմյանց հանդեպ: Ես անհոգ եմ դառնում, երբ ժպիտներով են լցնում օրս, երբեմն անակնկալ մատուցում, երբեմն արտասվելու չափ ծիծաղեցնում…Ի՛նչ լավ է, որ այստեղ բոլորը ճանաչում են իրար ու հավատում միմյանց, առավել շատ լավ է, որ երբեմն դուռը չենք կողպում, բայց բանալին վերցնում ենք՝ մոռացած, որ դուռը բաց ենք թողել:

Ես ուզում եմ իսկական հայ լինենք՝ արդար ու ազնիվ, մարդասեր ու հայրենապաշտ, բայց տխրում եմ, երբ անհանգիստ է հայի հոգին, և իմ ազգն է այս օրերին ընդվզում մայր հայրենիքում: Իմ համար ահաբեկիչ չէ այն մարդը, ով իմ հայրենիքն է ազատագրել, իմ համար ոստիկան չէ օրենքը խախտող իրավապահը, չեմ սիրում հարբեցող, հայհոյող մարդուն, ում նաև ցուցարար են անվանում, չեմ էլ ուզում տեսնել այն անարդար պաշտոնամոլներներին, որոնց նույնպես վերնախավ են կոչում: Ովքեր էլ լինեն, սիրում եմ արդարներին, առավել ևս նրանց, ովքեր այս հողի համար են պայքարել, և ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր զենք են վերցրել՝ հող հայրենի փրկել, որ այստեղ մենք խաղաղ ապրենք…

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6182 անգամ