Ընթացիկ տարին ամփոփելու համար կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս անգամ որոշել էլ ինքնատիպ ձևով դա անել՝ փայլատակել իր խելացի դատողություններով ու ճկուն մտքով: Գերագնահատելով սեփական հնարավորությունները, նախարարը իր խոսքը կառուցել էր աֆորիզմային ձևակերպումներով, և մտքի այդ գանձարանը ձեռքը առած` ներկայացավ ոլորտի աշխատողներին: Իսկ թե ինչ ստացվեց արդյունքում՝ դատեք ինքներդ:
Օրինակ, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, Աշոտյանն ասաց. «Առաջ գնացող մարդու համար կարևոր չէ, թե ինչ են հետևից խոսում»: Անշուշտ, առաջ գնացողն ինքն էր, իսկ ետևից խոսողները բոլոր դժգոհներն էին՝ ներառյալ Բաղրամյան պողոտայում նրա հասցեին վանկարկողները: Սակայն այս դեպքում էլ նախարարը չարաչար սխալվել էր՝ հաշվի չառնելով իր ասածի հետևանքները:
Երբ որևէ ինքնավստահ ծով է մտնում, կարող է գտնվել մեկը, ով նրա ետևից կասի. «Այնտեղ մի գնա, ծովը խորն է, կարող ես խեղդվել»: Բայց եթե ջուր մտնողը դատում է նույն կերպ, ինչպես Աշոտյանը, այսինքն չի կարևորում, թե ետևից ինչ ասացին, ապա փրկարարներին ու ջրասուզակներին դեպքի վայր կանչելը դառնում է անխուսափելի:
Նույն տրամաբանությամբ է նախարարը խոսում նաև մյուս դեպքերի համար: Օրինակ, նա ասում է. «Դուք ինձանից, ես ձեզանից սպասում եմ բեկումնային գործառնություն: Խոսք տվեք, որ երկու տարի ինձ, նախարարությանը չեք քննադատելու, հետո կպահանջեք»: Նախ նկատենք, որ Աշոտյանը գրեթե վստահ է, որ ինքը դեռ երկու տարի էլ նախարար կմնա: Եվ հետո այս երիտհանրապետականին դեռ թվում է, թե հաջողության գրավականը չքննադատվելու մեջ է ու իր բոլոր անհաջողությունների, ձախողումների, գործած ավերածությունների մեղավորը ոչ թե իր լուսաճակատ անձն է, այլ նրանք, ովքեր նկատում ու խոսում են քարուքանդ եղած կրթական համակարգի մասին: Եվ նա վերստին լռություն է պահանջում:
Արմեն Աշոտյանի տարեվերջյան դատողություններից կարելի է մի եզրահանգում անել. մարդը ցանկանում է աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ բոլորը խուլեր ու համրեր են: Իսկ եթե նրանք մի քիչ էլ կույր լինեն, ապա դա նախարարի համար ընդհանրապես դրախտային վիճակ կդառնա: