Իմ խե՛ղճ ազգ, տառապանքդ փորձ ունի, բայց ոչ հայը հայի դեմ2016-07-29 02:52:00
12-րդ դասարան փոխադրված իմ աշակերտներից մեկը, որ այս օրերին ընտանիքով Հայաստանում էր, եկավ իր ուսուցչուհուն տեսության. նա պետք է այստեղ մասնակցի ասմունքի հանրապետական մրցույթին: Հանկարծ հիշում եմ, որ մի տեսանյութում վերջերս նրան տեսել էի Խորենացի փողոցում՝ ցուցարարների մեջ: Ես չէի զարմանում, երբ նա պատմում էր, որ ամենևին զենքի կրակոցներից չվախեցավ, Արցախում ապրող յուրաքանչյուր ոք, առավելապես սահմանին մոտիկ ապրողներս, որ կրակոցների արձագանքների տակ ենք լինում, վաղուց դրան հարմարվել էինք արդեն: Ու նա պատմում է, որ դա այն օրն էր, երբ արցունքաբեր գազ էին բաց թողել. «Ժողովուրդն իրեն կորցրած՝ դեսուդեն էր վազվզում, ես էլ վազելիս զգացի, որ շնչահեղձ եմ լինում, սարսափեցի, փրկությունս այդ պահին ջուրն էր, լավ է, որ այդ պահին ջուր էլ գտա…»:
Որքա՜ն բարդ են մարդկային հարաբերությունները…Այդտեղ կա զոհված ոստիկան, կան նաև անհայր մնացած երեխաներ, Սասնա դյուցազունների խենթությունն իրենց մեջ կրող վիրավոր «ահաբեկիչ-ծռեր» կան՝ ժողովրդի աղերս աղոթքներով, որ բոլորն էլ փրկվեն…, քարկոծված ոստիկաններ կան, տեղի, թե անտեղի կալանավորված մարդիկ, արցունքաբեր գազից կուրացած քաղաքացիներ, պատանդ վերցված մարդիկ…Ովքե՞ր են նրանք, հայ ու նորից հայ….Հիշում եմ դավաճան Վասակ Սյունեցու՝ Ներսիկ և Բաբիկ որդիներին, որոնց պարսից Հազկերտ արքան պատանդ էր վերցրել՝ ի պատասխան դավաճան հոր խոստումների: Բայց այդ պատանդներից մեկը մորթազերծ արվեց արքայի հրամանով, մյուսը փախավ, հասավ հայոց երկիր ու արժանացավ հոր դատաստանին: Ի՜նչ լավ է, որ այօրվա պատանդները գոնե տարբերվում են դարերի խորքից մեզ հասած պատանդների կարգավիճակից:
Հայաստանում կատարվող օրվա իրադարձություններն ենք մեր հոգուն շաղախում, իսկ այս օրերի անձրևային եղանակն էլ իր ամենօրյա կաթկթոցով կարծես մարդկային հոգիների առեղծվածն էր փորփրում` մեր հարափոփոխ տրամադրություններին զուգորդված: Հինավուրց մայրաքաղաքի խռովքը պատել է բոլորիս, ապրում ենք անհանգիստ, փոքր-ինչ տագնապով, դրամատիկ ապրումներին միախառնված:
Բոլորս էլ գիտենք, որ երբ սև ամպեր են կուտակվում երկնակամարում, հայոց աշխարհին պատում է վիշտը, այն ալիքվում է դեպի հեռու՜-հեռավոր ափեր, ու ցավից կուչ եկած հայի սրտի զարկերն արձագանք են տալիս ամենուր, որ սատար կանգնեն իրար և փրկության ձեռք մեկնեն միմյանց: Իմ խե՛ղճ ազգ, տառապանքդ փորձ ունի, բայց ոչ հայը հայի դեմ, չնայած բոլորս էլ արդար մի երկիր ենք ուզում, և արդարությունն է աղաղակում մեր հոգում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի
անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 6858 անգամ