Դաշնակ Արծվիկը դատապարտված է մշտական բնակություն հաստատելու Ազգային ժողովի շենքում...
2015-12-21 09:24:00

Վաղվանից ուժի մեջ են մտնում ՀՀ սահմանադրական փոփոխությունները: Սակայն խորհրդարան բերված որոշ օրինագծեր հաշվի չեն առնում փոփոխությունների մի քանի սկզբունքներ, ինչն էլ առիթ տվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ընդվզելու հակասող դրույթների դեմ: «Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը վաղվանից ուժի մեջ է մտնում, խոսվում է պատշաճ վարչարարության իրավունքի մասին: Ամրագրված է` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են, մինչև անձի համար միջամտող ակտ ընդունելը, լսել նրան` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը չի տալիս այս հարցի պատասխանը»,- նշեց Մինասյանը:

 Երկար-բարակ խոսելով նախագծի թերությունների ու վտանգների մասին, ոգևորված պատգամավորն ի վերջո հայտարարեց. «Ես քարոզել եմ սահմանադրական փոփոխություններ և հետևողական եմ լինելու, այստեղից տեղ չեմ գնալու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք»:

 Արծվիկ Մինասյանը խիստ պատասխանատու հայտարարություն է արել: Նախորդ երկու սահմանադրություններն իրենց գոյության ընթացքում այդպես էլ երբեք լիովին չկենսագործվեցին: Որևէ հիմք չկա ենթադրելու, թե այս նորն էլ չի արժանանա նույն բախտին: Եվ ուրեմն դաշնակ Արծվիկը դատապարտված է մշտական բնակություն հաստատելու Ազգային ժողովի շենքում: Պատգամավորը ստիպված կլինի ոչ միայն գիշերել խորհրդարանում, այլև երկար ու ձիգ տարիներ անցկացնել այնտեղ: Եթե աննկուն դաշնակցականն իսկապես իր խոսքի տերն է, ապա նա պիտի շուտափույթ կարգով ԱԺ տեղափոխի իր բոլոր կենցաղային իրերը, հագուստները և տեսակցության ժամեր նշանակի հարազատների հետ: Ով՝ ով, բայց նրանք հաստատ կկարոտեն ինքնակամ բանտարկության ենթարկվող Արծվիկին:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1760 անգամ