«Արայիկին խփողը թուրք է». Ծաղկահովիտ համայնքի ողջ բնակչությունը բողոքի ակցիա է սկսել...2016-07-29 10:06:00
«Արայիկին խփողը թուրք է», «Մենք միայնակ գայլ ենք, մենք Սասնա ծռեր ենք», «Պահանջում ենք կառավարության հրաժարականը» գրությամբ պաստառներով Ծաղկահովիտ համայնքի ողջ բնակչությունը բողոքի ակցիա է սկսել Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի վիրավորվելու լուրն իմանալուց րոպեներ անց:
Այս մասին USArmenianews.com -ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատ Խանդոյանի կինը` Սոնա Թամարյանը:
Նա նշել է, որ համագյուղացիների պահանջն է`շուտափույթ կերպով դեղորայք հասցնել և ապահովել Արայիկի բուժումը, միաժանամակ ազատ արձակել Արարատ Խանդոյանին, քանի որ վերջինս նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Ողջ գյուղն այս պահին միասնական աղոթում է Արայիկի կյանքի համար, մեկ մարդու պես համախմբվել ենք, որպեսզի մեր ձայնը հասցնենք իշխանություններին», -ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Համագյուղացինեից մեկն էլ հավելել է, որ հետևողական են լինելու իրենց պահանջներին և եթե պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեն, իրենք պատրաստ են ոտքով հասնել Երևան:
«Այսօր մենք ապրում ենք նրանց նման հերոսների շնորհիվ, դա պետք է հաշվի առնեն իշխանությունները ու շուտափույթ կերպով ազատ արձակեն թե Արայիկին, թե Արարատին», -ասել է մեր զրուցակիցը:
Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ պատահական է եկել ակցիայի վայր, բայց կիսում է համագյուղացիների մտահոգություններն ու միանում նրանց պահանջին:
«Ցավում եմ կատարվածի համար, սակայն չմոռանանք, որ եղբայրներ Արայիկն ու Արարատը հերոսներ են և պետք է ողջ-առողջ տուն վերադառնան»:
Նշենք նաև, որ ցուցարարների թիվն աստիճանաբար ավելանում է, դրան զուգահեռ ավելանում են նաև ոստիկանական ուժերը` ղեկավարների գլխավորությամբ, սակայն մինչ այս պահը որևէ կերպ չեն միջամտել ակցիային:
Այս նյութը դիտել են - 19186 անգամ