Անհանգիստ հոգիս Խորենացու խոսքերն է աղաղակում. «Ողբամ զքեզ, հայո՛ց աշխարհ…»2016-07-30 16:20:00
Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններն առիթ են տալիս մանկավարժիսասելու հոգումս ծվարած այն տառապագին խոսքը, որին շատ-շատերը կարող են հակադարձել: Թող ինձ ների ողջ հայությունը, բայց երբեմն երանի եմ տալիս ապրիլյան դաժանօրերին, երբ սարսափած հոգով իմ հրետակոծվող Մարտակերտում էի: Այդ օրերին գոնե գիտեինք, որ մի ամբողջ հայ ազգ թշնամու դեմ ոտքի էր կանգնել իր համառ կամքով ու արիությամբ, միասնական ու համախմբված:
Հարաբերական խաղաղ պահերին նկուղից դուրս եկած ընտանիքս մոտակա հնգհարկանի շենքերի տարածքում հայացքով մարդ էր փնտրում, բակում մենակ մնացած յոթ տարեկան փոքրիկ թոռնիկս իր խաղընկերներին էր ուզում, շրջակայքում հատուկենտ տղամարդկանց տեսնելով` սրտներս ուրախությամբ էր լցվում…Ինչպիսի՜ մարդասիրություն, ընդհանրապես ՄԱՐԴՈՒ նկատմամբ կարոտ ունեինք, տեսնել որևէ մեկին, գրկախառնվել, որպիսություն հարցնել...Այդ օրերին գիտեի, որ հայի անսասան կամքը դիմադարձ կլինի մեր թշնամուն և այնքան չէի հուսահատված, որքան այժմ, երբ հեռվից հեռու «ականատեսն» եմ դառնում տեղի ունեցող երևանյան իրադարձություններին:
Այստեղ իշխանության կողմից իրավունք պահող ոստիկաններ կան, բայց նաև օրինախախտներ, «ահաբեկիչ-ծռերին» սատար կանգնած ցուցարարների մեջ ալեկոծված ժողովուրդ կա և կատաղած ամբոխ: Թվում է՝ ոստիկանների և ցուցարարների միջև կարմիր խաչի դերում հայտնվածները լրատվության աշխատողներն են, որ ազատ երթևեկում են երկու կողմում, բայց երբեմն նրանց աշխատանքին էլ խոչընդոտում են, դրա վառ վկայությունը վիրավոր լրագրողներն են…
Այն վիրավոր երեխանե՞րն էլ ցուցարարների մեջ էին…Ո՛չ…Տեսնես ո՞վ է պատասխան տալու նրանց խեղված մանկության համար…Ցավալի է, որ հիվանդանոցներում ամեն օր ավելանում են վիրավորները, ոստիկանատներում՝ բերման ենթարկված մարդիկ, կալանավորվածներ…Այս օրերին ինչպիսի՜ թշնամություն, մարդը մարդու դեմ, այն էլ նույն ազգից... Տեսնես հիվանդանոցներում ոստիկան և ցուցարար վիրավորները նորի՞ց անհաշտ են, հուսանք գոնե այնտեղ ապաքինվելուց հետո ատելություն չի լինի: Լուսավոր օրերի հույսով, հիմա անհանգիստ հոգիս թև առած՝ Խորենացու փողոցում Խորենացու խոսքերն է աղաղակում. «Ողբամ զքեզ, հայո՛ց աշխարհ...»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1822 անգամ