Ո՞ւմ շունն է մերկապարուհին, որ բռնություններով բաժին բերման ենթարկի զոհված զինվորի մորը.... 2016-07-31 03:08:00
Հուլիսի 27-ին , Խորենացի փողոցից բռնի ուժով բերման ենթարկված սևազգեստ կինը՝ 2008 թ.-ի մայիսի 15-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից մահացած Անդրանիկ Հայրապետյանի մայրն է` Անահիտ Կիրակոսյանը: USArmenianews.com կայքի թղթակցի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը պատմել է բերման ենթարկվելու մանրամասները`առանձնացնելով հատկապես «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա (Մագա) Կարապետյանի ընդգծված, սանձարձակ գործողությունները` դրանք որակելով անչափ վիրավորական ու նվաստացուցիչ:
«Շատ ցավալի է, որ զոհված զինվորի մորը բերման է ենթարկում գիշերային ակումբի պարուհին: Ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ սա ահազանգ է ՀՀ իշխանություններին` հասկանալու համար` ում են ում դեմ հանել», -ասել է Կիրակոսյանը: Նա նշել է, որ որպես հայ մայր, կին, ՀՀ քաղաքացի գնացել է Խորենացի փողոց` մասնակցելու բողոքի ակցիային և րոպեներ անց բերման է ենթարկվել: «Ինձ համար կարևոր են հայրենիքս, հայ ժողովուրդը, այն տղաները, ովքեր այսօր իշխանափոխության համար իրենց կյանքը դրել են խաղասեղանին, ուստի որոշեցի գնալ ու աջակցել հանրահավաքի մասնակիցներին: Ասեմ, որ ոչ մեկի չեն ճանաչել, որևէ մեկի հետ չեմ զրուցել, 2 րոպե էլ չհասցրի նստել նստարանին, երբ տեսա` ինչպես են քաշքշում տարեց կանացից մեկին, փորձեցի միջամտել, հենց նույն Մագան շատ կոպիտ հրեց ինձ և քիչ մնաց վայր ընկնեի: Քաշքշելով ինձ ու այդ կնոջը, տարան դեպի ոստիկանական մեքենան», -ասել է մեր զրուցակիցը: Նրան զարմացրել է նաև այն հանգամանքը, որ Երևանից բերման են ենթարկվել Աբովյան քաղաքի ոստիկանական բաժին: «Ժամը 18:40-ից մինչև 23:00-ն պահել են բաժնում ` 3 ժամից ավել, այդ ընթացքում խուզարկել են մեզ ու մեր պայուսակները: Սարսափելի զայրացա, երբ 3 ժամն արդեն լրացել էր ու բաց չէին թողնում, որովհետև Աբովյան քաղաքից պետք է Հոկտեմբերյան հասնեի, իսկ մոտիս գումարը բավականացնում էր Երևանից Հոկտեմբերյան հասնելուն:
Ես չէի նախատեսել, որ գիշերվա 11-ին միայնակ հայտնվելու էի բոլորովին այլ քաղաքում, ավելին` փողոցում ու ստիպված էի տաքսիով տուն գնալ: Ինքս պատվիրել եմ տաքսի, ու իմ միջոցներով տուն հասել, թեև բաժնում ինձ գումար առաջարկեցին, սակայն հպարտությունս թույլ չտվեց որևէ մեկից գումար վերցնել: Փաստորեն, եթե այդ պահին միջոցներս չբավականացնեին, պետք է խնդրեի ոստիկաններին, որպեսզի թողնեին մինչև լուսանալը գիշերեի բաժնում», -ասել է Կիրակոսյանը: Նա նշեց, որ բաժնում գտնվելու ընթացքում դիմել է Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակ: Վերջիններիս արձագանքից հետո միայն ոստիկանությունում իմացել են, որ ինքը զոհված զինվորի մայր է`«Ես որևէ անգամ չեմ շահարկել տղայիս անունը»: «Ոչ ուղղակի, բայց բաժնում մեզ ասում էին, որ այլևս չմասնակցենք նման հավաքների, բայց իրենց ասելը դեռ քիչ է», -ընդգծել է կինը: Կիրակոսյանն ավելացրել է, որ առանց քաղաքացու ինքնությունը պարզելու և բռնի ուժով բերման ենթարկվելու վերաբերյալ երեկ արդեն բողոք է ներկայացրել Մարդու Իրավունքների պաշտպանին: Հ.Գ. Զարմանալի է, որ բերման ենթարկվելու պահին Անահիտ Կիրակոսյանը մի քանի անգամ ոստիկաններին հարցնում է ` արդյո՞ք տեղյակ են` ում են բերման ենթարկում, սակայն ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ տեղում նկարահանում իրականացնող ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն հետաքրքրվում` այդ հարցադրումը անող սևազգեստ կնոջ ով լինելը: Պահանջում ենք ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին՝ մի պահ կտրվելու ընտանեկան ֆոտոսեսիաներից և իր ուշադրության կիզակետում պահելու զոհված զինվորների ծնողների նկատմամբ կատարվող անօրինական բռնությունները: