Սերժ Սարգսյանին ու հանրապետականին սատարողները, նրանց ձայն տվողները սատարում են և ողջունում են այն տեռորը, որ կատարվեց Սարի թաղում
2016-08-01 20:45:00


Մենք այլևս նահանջի տեղ չունենք: Իշխանությունների կողմից սանձարձած պետական տեռորը պետք է հասարակության կողմից իր գնահատականը ստանա: Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ այսպիսի իշխանություն ունենալու շռայլություն: Եթե առաջ իշխանությունների գործողությունները վտանգ էին ներկայացնում ազգային պետական շահերի, երկրի անվտանգության համար, ինչը կարող էր հասարակության կողմից այդքան սուր չզգացվեր ու չգնահատվեր, ապա այսօր Սերժ Սարգսյանի զինյալները արդեն մտնում են մեր տները:

Այս մարդն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի և ոչնչի առաջ կանգ չի առնում. Նրա հրամանով արդեն իսկ մեզ են ծեծում և այրում, հարձակվում են մեր կանանց ու քույրերի վրա, ահաբեկում մեր երեխաներին: Եվ դա արվում է բացառապես Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար և արվում է հենց նրա հրամանով:

Մենք իրավունք չունենք այս ամենն անտեսելու, աչք փակելու կատարվածի վրա: Հատուկ եմ դնում այս լուսանկարները, որ դուք տեսնեք ու հիշեք, որ այս մարդկանց փոխարեն կարող էիք դուք լինել ու ձեր հարազատները: Երբ հաջորդ անգամ հանրապետականը գա մտնի ձեր տուն ու «խնդրի», որ Սերժ Սարգսյանի կուսակցության համար ձայն տաք, իմացեք, որ նրա խնդրանքի տակ սպառնալիք է և նմանատիպ և այլ շատ ավելի վատ հանցագործություններին ձեր համաձայնությունը ստանալու պահանջ:

Այս պահից սկսած՝ Սերժ Սարգսյանին ու հանրապետականին սատարողները, նրանց ձայն տվողները սատարում են և ողջունում են այն տեռորը, որ կատարվեց Սարի թաղում, ողջունում են անզեն քաղաքացիների դեմ հրազեն ու պայթուցիկ կիրառելը, մարդկանց տուն, օջախ մտնելն ու ծեծը: Եթե սա էլ ներենք Սերժ Սարգսյանին, հաջորդ նրա քայլը մեզ ուղղակի փողոցում առանց դատ-դատաստանի գնդակահարելն է լինելու:

Եվ թող այս պահից սկսած որևէ մեկը չփորձի կատարվածն արդարացնել պետական շահերով կամ այլ «վեհ» գաղափարներով: Սերժ Սարգսյանն այդ գաղափարների մասին բացարձակապես պատկերացում չունի, ինչպես նաև այդպիսի պատկերացում չունեն նրան պաշտպանողները: Ստեղծված իրավիճակում ազգային պետական շահերով առաջնորդվող երկրի ղեկավարը անմիջապես կհեռանար: Հեռանալն էլ պետք չէ շփոթել հրաժարական տալու և նոր ընտրությունները կեղծելու միջոցով կրկին իշխանությունը զավթելու հետ:

Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածում է բռնապետության և փորձում է հայ ժողովրդին ստրկացնել: Գիտակցելով սա, մենք պետք է թոթափենք այս լուծը և վերադարձնենք մեզ արժանապատիվ և ազատ ապրելու իրավունքը՝ այն, ինչի համար մենք պայքարել ենք 88-ից ի վեր:

Այս նյութը դիտել են - 1592 անգամ