Սերժ Սարգսյանի ելույթից հասկացա մեկ բան. «Ինչ արել ենք՝ լավ ենք արել, ու դա ձեզ դեռ քիչ է»: Նրա ելույթն, ինչպես միշտ լի էր ցինիզմով ու երեսպաշտությամբ: Պետական տեռորը քաղաքական գործելաոճի մակարդակի հասցրած մարդն այսօր խոսում է ուժով քաղաքական խնդիրներ լուծելու անթույլատրելիության մասին: Հենց սերժ Սարգսյանն է այս 8 տարիների ընթացքում այդ ճանապարհով լուծել քաղաքական բոլոր լուրջ խնդիրները: Ուժի կիրառման անթույլատրելիության մասին է խոսում մի մարդ, ով իշխանության է եկել 10 զոհերի արյան գնով և իշխանությունը շարունակում է պահել մարդկանց կյանքերի ու խեղված ճակատագրերի հաշվին:
Իր ելույթում միայն գովասանքի խոսքեր էին ոստիկանության աշխատակիցների, պարսավանքի արժանի պալատական պնակալեզների ժողովրդի վստահությունը քեշ փողի հետ փոխարինած քաղաքական գործիչների նկատմամբ: Որևէ կերպ նա չանդրադարձավ ոստիկանության վայրագություններին և ապօրինություններին: Լրագրողներից էլ ներողություն խնդրելով պահանջեց մոռանալ իրենց նկատմամբ կատարված հանցանքը: Դա էլ երևի արել է միայն նրա համար, որ ոստիկաններն այդ օրը իշխանական լրագրողներին խառնել էին մյուսների ու ժողովրդի հետ ու «թացը չորից չտարբերելով»՝ ջարդել բոլորին:
Բա ու՞ր մնաց ձեր ելույթում ժողովուրդը, պարոն Սարգսյան:
Ձեր կողմից այդքան ատելի և ձեզ ատելությամբ պատասխանող՝ ձեր ձեռքին պատանդ դարձած ժողովուրդը:
Շնորհակալություն հայտնեցիք բոլորին, ովքեր նպաստեցին և իրականացրեցին հուլիսի 29-ի ահաբեկչությունը, սակայն որևէ կերպ չանդրադարձաք այն մարդկանց, ովքեր տուժեցին այդ օրը: Ասում եք, թե «ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է», սակայն դա հիմք չէ զենքով հարցերը լուծելուն:
Սկսենք նրանից, որ ձեր այս պնդումը արդարացի է միայն ժողովրդավար իրավական պետությունների համար, որտեղ իսկապես գործում է օրենքի գերակայությունը: Իսկ այդպիսի երկրների կայացումը տեղի է ունեցել հենց զենքով ու բռնի ուժով: Մենք այսօր ունենք հնարավորություն խուսափելու այդ երկրների տառապալի ճանապարհից, սակայն դուք անդրնդվելի եք: Եվ հիմա մենք ենք ձեզ ասում՝ Ցանկացած ոք կարող է չսիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, բայց ժողովրդի դեմ զենք օգտագործելու իրավունք ոչ ոք չունի:
Հիմա էլ հայտարարում է, թե անընդունելի իրավիճակն ավարտվել է: Անընդունելի իրավիճակը կավարտվի միայն Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո: Այն, ինչ կատարվեց, այդ անընդունելի իրավիճակի արդյունքն էր միայն, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի և իր թիմի վարած հայաթափության ու թալանի քաղաքականությունն է, մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, ցինիզմն ու անհեռատեսությունը:
Ցավով պետք է փաստենք, որ այս իրավիճակից էլ Սերժ Սարգսյանը չկարողացավ դաս քաղել և հետևություններ անել: Երեկվա նրա ելույթը ևս մեկ անգամ վկայում է, որ իշխանությունն իր համար բարձրագույն ու բացարձակ արժեք է և այն պահպանելու համար նա ոչնչի առաջ կանգ չի առնի: Գալիք ընտրություններից առաջ նա իր ելույթով այրում է բոլոր կամուրջները՝ քաղաքական պայքարը վերածելով անհաշտելի առճակատման: Նա իրեն և իր թիմը հստակ տարանջատեց հասարակությունից և հայտարարեց, որ գալիք ընտրություններին կրկին վերցնելու է իշխանությունը: Իսկ թե ինչպես է նա դա անելու, մենք տեսանք հուլիսի 29-ին: