Սարի թաղում տեղի ունեցավ ոստիկանության եւ գողականների վրեժը
2016-08-02 14:41:00
Երկու սպանված ոստիկանները, ոստիկանական գնդի գրավումը, Սարի թաղում ոստիկանների վախեցած աչքերը, ՊՊԾ-ում գտնված կեղտոտ փաստաթղթերի ու ցուցակների բացահայտումը, գողականների հետ բացահայտված կապը՝ «Սասնա ծռերի» երկու շաբաթ տեւած ապստամբությունը Հայաստանի ոստիկանության համար իսկական փորձություն էր:
 

Ոստիկանության պահվածքը երկու շաբաթ շարունակ բավական հակասական էր: Չնայած, դատելով նրանից, որ Վովա Գասպարյանը երկու շաբաթվա ընթացքում այդպես էլ բառ անգամ չի ասել, կարելի է հասկանալ, թե որքան էր նա «վիրավորված» մինչեւ «հոգու խորքը»: Ի վերջո, ոստիկանական գունդ էր գրավվել եւ համընդհանուր ցուցադրության դրվել հենց ոստիկանության կեղտոտ խոհանոցը:

Հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունն արդեն գիտեր, որ հաջորդ օրը «հակաահաբեկչական գործողություն է» սկսվելու, որոշեցին վրեժ լուծել, ընդ որում մի քանի կատեգորիաների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել իշխանության եւ գողականների իշխանությունը՝ Սարի թաղի բնակիչներ, լրագրողներ եւ մի շարք հանրային լիդերներ:
Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցավ ոստիկանության եւ գողականների վրեժը: Նրանք պայթուցիկներ նետեցին տներ, վիրավորեցին ու վախեցրեցին թաղամասի բնակչությանը: Դաժան ծեծված լրագրողները պատմում են, որ քաղաքացիական հագուստով մահակներով զինված մարդիկ դուրս են եկել ոստիկանական պատնեշի հետեւից: Այսինքն, եթե անգամ նրանք ոստիկաններ չէին, այլ «գողականներ», միեւնույն է, աշխատել են ոստիկանության կողմից: Քաղաքացիական հագուստով այդ անձինք, որոնք անհասկանալի հաբեր են ընդունել, անմարդկային գազանությամբ հարձակվել են լրագրողների վրա: Միայն հրաշքով է, որ զոհեր չկան:
Միեւնույն ժամանակ, ոստիկանություն եւ այլ մեկուսարաններ տարան շարժման «ոչ գողական» լիդերներին, որոնց նույնպես ծեծեցին: Ամենածանրը, ինչպես ասում են, Անդրիաս Ղուկասյանի վիճակն է, որը չի կարողանում շարժվել:
Հուլիսի 29-ի ծեծուջարդը թելադրված չէր «հակաահաբեկչական գործողությամբ», դա ոստիկանության եւ գողական աշխարհի վրեժն էր, որի իշխանությունը կասկածի տակ դրվեց Երեւանի ամենակրիմինալ թաղամասերից մեկում՝ Էրեբունիում:
Վովա Գասպարյանի հրաժարականը զինված խմբի պահանջների ցանկում էր: Սակայն նա չէր կարող հրաժարական տալ, քանի որ «կքաշեր» ամբողջ համակարգին, որի էությունն ուժային կառույցների ու գողական աշխարհի դաշինքի մեջ է: Հայաստանում այդ աշխարհին մի ամբողջ պետական շերտ է տրված՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են ընտրությունները եւ հանրության յուրաքանչյուր անդամի «օպերատիվ» կառավարումը: Այդ համակարգի փլուզումը կնշանավորեր ներկայիս համակարգի վերջը:
Ոստիկանության ու գողականների վրեժն ու ահաբեկչությունը ժողովրդի մոտ ատելության նոր ալիք են առաջացրել: Սակայն դա համակարգին ավելի շատ է ձեռնտու, քան անհնազանդությունը:
lragir.am
Այս նյութը դիտել են - 6682 անգամ