Երբեմն ինձ հետ մենախոսում եմ ու նորից գալիս իրականություն
2016-08-02 15:41:00
Լինու՞մ է այսպես, երբ ներսուզվում ես ինքդ քո մեջ ու չգիտես անելիքդ, բայց մի ներքին թախիծ պատում է հոգիդ, ու անհասկանալի օրդ ասում է քեզ, որ երբ խոհեմությունն է հաղթում, տխրում է հոգիդ, ալեկոծվում լուռ...Այս պահից հատ-հատ փրփուրները վերցնում եմ և թողնում, որ հոգիս ալեկոծվի հանդարտ, քանի դեռ խոհեմությունն է հաղթել:
Ես վերլուծաբան չեմ, բայց երբեմն խոսում եմ ինքս ինձ հետ, ու այն երբեմն դառնում է հասանելի շատերին, երբեմն գուցե անհասանելի, բայց ես մենախոսում եմ, երբ հոգիս է իր բնից ծառս լինում հանկարծ: Ու ես հարցնում եմ՝ օրվա պահերի արևագա՞լն եմ սիրում, թե՞ արևամուտը…Բայց ո՞վ է իմանում, երբ միջօրեի արևոտ օրը, հոգուս մեջ նստած, ահազանգում է մի նոր մայրամուտ՝ խավարով պատված: Հավատու՞մ եմ ես, թե չեմ հավատում ցասկոտ ձայներին, այդ չէ կարևոր, երբ ահեղ կանչի արձագանքներում մի նվազ ձայն է հանկարծ կարկաչում: Մեր դիմանկարով ամբողջանու՞մ ենք, թե՞ արժևորվում, ես դա չգիտեմ, երբ մաշում ենք հոգիները մեր անհաշտության եզրերի հանգույցներում լուռ:
Նորից գալիս եմ իրականություն….Կրքերը հանդարտվեցի՞ն, թե՞ նորից ծանր ապրումներ կունենանք, երբ սահմանամերձ բնակավայրում ապրելով՝ մի պահ մոռացել էի, որ արտաքին թշնամի ունենք: Հայոց աշխարհում խաղաղ լուսաբացներ ենք երազում, բայց, ցավոք, վերջերս զոհեր եղան ու բազմաթիվ վիրավորներ: Իսկ մեր թշնամին արթուն է, զգոն, այս օրերին երևի նա էլ ուշադիր հետևում էր այս իրադարձություններին, բայց ո՞ր վիճակն է նրա համար նախընտրելին՝ մեր հարդարտությու՞նը, թե՞ հայաստանյան խառնորակ օրերը, որից օգտվելով՝ կարող է շարունակի իր նախկին ոճիրը:
Ես չգիտեմ` որքանով եմ կարողացել առայսօր որպես մարդ-անհատականություն ներկայանալ մանկավարժական գործունեությանս մեջ և հայրենաշինության գործում, բայց համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր դիմանկարով ամբողջանում է այն միջավայրում, որտեղ շրջապատի կողմից կա արժևորում ու գնահատանք: Իսկ այդ գնահատանքը մեր օրերում մեր յուրաքանչյուրի ներսում եմ տեսնում, ազգիս միասնականության մեջ, երբ մեր խիղճն է խոսում՝ արդարության դրոշմն իր վրա կնքած:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2514 անգամ