Իմ հանդեպ ամենամեծ վատություն անողները երկու Գագոն են` Խաչատրյանն ու Ծառուկյանը...
2015-12-21 19:43:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, իսկ երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Եվ քանի որ Բուռնաշը դատական մարմիններից հույսը կտրել է, ապա համոզված է, որ այդ երկուսին Աստված է պատժելու:

 Արդեն տևական ժամանակ է, ինչ Աշոտ Աղաբաբյանի ու հարկային մարմինների միջև դատական վեճը այդպես էլ լուծում չի ստանում: Սկզբում խոսում էին, թե նոյեմբերին արդեն վճիռը կլինի: Սակայն «Հրազդան» մարզադաշտի դատական վեճը առայսօր շարունակում է մնալ անորոշ: Իսկ Աղաբաբյանը պնդում է, որ ֆինանսների նախարարը միտումնավոր է իր նկատմամբ դա անում: «Ես անձամբ իր կողմից միտում եմ տեսնում, ու ես դա իրան էլ եմ ասել: Ասել եմ` տակից դուրս չի գալու, կյանքն ու պաշտոնը հավերժ չեն, ինձ ով որ վատություն է անում, Աստված իրեն պատժում է, իրան չպատժի, ինքը մենակ ինձ չի վատություն արել, սաղ հանրապետության միջին խավին Հայաստանից լարել ա: Իմ հանդեպ ամենամեծ վատություն անողները երկու Գագոն են` Խաչատրյանն ու Ծառուկյանը»:

Հետաքրքրական է, որ երկրում առկա խնդիրների մասին մեծահարուստ գործարարները սկսում են բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ խնդիրները չոքում են նաև իրենց դռանը: Նույն Բուռնաշը տարիներ շարունակ հրաշալիորեն օգտվում էր ճակատագրի բարեհաճությունից ու իր ազդեցիկ կապերից ու երբեք չէր տրտնջում, թեև տեսնում էր, թե քանի-քանի քաղաքացիներ էին կորցնում իրենց բիզնեսը կամ հայտնվում հարկային մարմինների հետապնդումների կիզակետում: Եվ միայն հիմա, երբ Գագիկ Խաչատրյանի բորբոքված ախորժակը աչք դրեց նրա վրա, իսկ Ծառուկյանն էլ իր հերթին «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին շահեկան պայմաններով առաջարկեց տեղափոխվել «Առինջ մոլ», Բուռնաշը ցանկանում է, որ այդ երկուսը այրվեն դժոխքի կրակների մեջ:

Ի դեպ, կա մի տարբերակ ջրից չոր դուրս գալու համար: Օրինակ, հարկային մարմիններն ավելի մեծ չափով տուգանել էին նաև ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին, սակայն դատական վճիռն ավելի շուտ եղավ և` պատգամավորի օգտին: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Հակոբ Հակոբյանը այդ հաղթանակին կարողացել էր հասնել նախագահականում մանրամասնորեն ներկայացնելով իրավիճակը:

Բուռնաշն ասում է, թե ինքը այդ ճանապարհով չի անցնի: Իսկ գուցե նախագահականի դռնե՞րն են փակ նրա առաջ:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1556 անգամ