Օգոստոսի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց Բասամ ալ-Քաբանդիի՝ որպես Երևանում իր երկրի առաջին դեսպան, անձնական մեծ ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Քուվեյթի Պետության դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան ալ-Քաբանդիին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը։