Եթե խոսք է գնում փոխզիջումների մասին, ապա դրանք պետք է լինեն բալանսավորված․ Սուրեն Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի մասին
2016-08-04 10:49:00

Ըստ «Թաֆթս» համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի՝ «Լավրովյան ծրագիր» հասկացություն չկա: «Հնարավոր է՝ լինեն առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել կողմերին: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանն ավելի շատ զիջումների կգնա, քան Ադրբեջանը: Ես կարծում եմ, որ Հայաստանի որևէ նախագահի՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, տասներորդ նախագահի օրոք նման զիջումներ չեն կարող լինել: Եթե խոսք է գնում փոխզիջումների մասին, ապա դրանք պետք է լինեն բալանսավորված»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ խոսելով ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինի՝ Tert.am-նակնարկած Պուտինի և Լավրովի «հատուկ առաջարկների» մասին:
Դիտարկմանը, թե Հայաստանում կան մտահոգություններ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ներգրավված Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշումներ է գործադրում՝ ստիպելով, որ ընդունվեն իր առաջարկները, իսկ դրանք Հայաստանի շահերից չեն բխում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց․«Երբ գերտերությունները ներկայացնում են իրենց առաջարկությունները, հնարավոր է՝ օգտագործեն որոշակի ազդեցության լծակներ, որպեսզի կողմերը համաձայնեն դրանց հետ: Հիմա չեմ կարող ասել, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ֊-ն, կամ Ֆրանսիան, կամ այլ գերտերություն ճնշում են գործադրում Հայաստանի վրա: Կարծում եմ՝ ներկայացվում են առաջարկություններ, և կողմերը պետք է ընտրեն այն տարբերակները, որոնք նպատակահարմար են համարում»:
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու է ոչ թե գերտերությունների, այլ մեր շահերը հաշվի առնելով. «Ես վստահ եմ, որ այս գործընթացում Հայաստանը պետք է հնարավորինս շատ, հնարավորինս առաջ տանի իր շահերը»:
Խոսելով օգոստոսի 10-ին սպասվող Պուտի-Սարգսյան հանդիպման մասին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ մինչ այդ՝ կայանալու են Պուտինի առանձին հանդիպումերը Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հետ, և նրանց հետ տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ կխոսվի նաև ԼՂ հիմնախնդրի մասին:
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուգի հանդիպումների ժամանակ ձեռքբերվեցին շփման գծում մոնիթորինգային խմբի լիազորությունների և հետաքննության մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածություններ: Նա մատնանշեց, որ Ադրբեջանը փաստացի խուսափում է դրանք կատարելուց:
«Այս հարցերը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կբարձրացնի՝ հիշեցնելով, որ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել: Հարմար առիթ է, որ Հայաստանի նախագահը ներկայացնի իր ռուս գործընկերոջը ներկայիս իրավիճակը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

tert.am

Այս նյութը դիտել են - 3168 անգամ