ԽՈՏՈՐՆԱԿԻՆ՝ ԽՈՏՈՐՆԱԿ
2016-08-04 13:21:00
Բեսետկայում հավաքվածներին մոտեցավ մեր հարևան ոստիկանը: Այլայլված և հուզված միանգամից սկսեց.
-- Այ մարդ, էս տեսակ բան կլինի՞...Ես հեչ կապ չունեմ էս վերջին դեպքերի հետ:Դուք հո լավ գիտեք, թե ես ուր եմ աշխատում...
Նստածներից մեկը կտրեց խոսքը.
-- Բան ա պատահե՞լ ...Կարճ կապի...
-- Այ մարդ, բարձրանում եմ ԳԱԶԵԼ , հենց նույն վայրկյանին տարօրինակ հայացքներով ինձ են նայում: Գլխի եմ, բայց ես մեղավո՞ր եմ, որ էս ֆորմի մեջ եմ: Նստում եմ մի երիտասարդի կողքը, վեր է կենում ու կանգնած երթևեկում:
Սկզբում վատ զգացի, հետո ուզեցի մոռանալ, բայց դիմացս նստած տարեց ամուսինները միմյանց ականջներին ինչ-որ բան էին շշնջում ու խեթ-խեթ իմ կողմը նայում: Շնչահեղձ լինելու չափ վատ էի զգում, մտածում էի բղավեմ՝ այ ժողովո՜ւրդ, ես լրիվ ուրիշ մարդ եմ, ուրիշ տեղ եմ աշխատում: Հետո ինչ, որ ոստիկանի ֆորմա է հագս: Չասացի, քանի որ մոտենում էի մեր շենքին: Վարորդին խնդրեցի հենց անկյունում կանգնի, որ իջնեմ: Շատ հեռու կանգնեց: Դժգոհեցի:Կարծես դրան էին սպասում ուղևորները, բոլորը միաձայն ասացին՝ քեզ դա էլ է քիչ...
Ոչ մեկս սփոփանքի ոչ մի խոսք չուզեց ասել, բայց մեր հարևան ոստիկանը դրան չէր էլ սպասում,շարունակեց.
-- Մտա խանութ, որ երշիկ առնեմ: Ընկերուհի ջան, ասացի, կկտրատե՞ք երշիկը:Չէ, ասում է միշտ բարեհամբույր կինը, դանակը չի աշխատում:Ո՞նց թե՝ չի աշխատում:Հենց նոր կտրատեցիք ու ճանապարհեցիք ուրիշներին:Հա, իրենց հասնում է, քե՛զ՝ չէ:Մեր ձայնի վրա մոտեցավ մենեջերը:Երշիկը վերցրեց ու սկսեց կտրել:Լավ էր՝ չկտրեր: Ըսենց հյուրի դեմը դնել կլինի՞...Ես ի՞նչ մեղավոր եմ, հուզված ասաց մեր հարևան ոստիկանն ու մտավ տուն:
Նրա ետևից տղաներից մեկը նետեց՝ խոտորնակին՝ խոտորնակ...
Սպարտակ Ասոյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 4458 անգամ