Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի լրագրողներ, ընկերներ և գործընկերներ, Սասնա Ծռերից հրազենայնին ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզե Լամբարյանը դեռևս 31.07.2016 թ-ին դիմել է ինձ՝ իր որդուն իրավաբանական օգնություն ցույց տալու և նրա պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով:
Ես, որպես փաստաբան, անմիջապես այդ մասին տեղյակ եմ պահել վարույթն իրականացնող մարմնին, սկզբում ԱԱԾ քննչական վարչությանը, իսկ հետո ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին:
Անձամբ մի քանի անգամ հեռախոսազրույցներ եմ ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ: Դիմումը ուղարկվել է ԱԱԾ և այնուհետև ՀՔԾ` վերջիններիս պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Սակայն, մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է Արմեն Լամբարյանի իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպանական իրավունքը` ամեն կերպ խոչնդոտելով փաստաբանի, պաշտպանի ներգրավմանը, բերելով այլևայլ պատճառանաություններ:
Բացի այդ, լուրեր են շրջանառվում և բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում այն մասին, որ Արմեն Լամբարյանը ենթարկվել է խոշտագումների: ՀՔԾ-ն, սակայն, ինձ, որպես փաստաբանի, ինչպես նաև Արմեն Լամբարյանի հարազատներին հնարավորություն չտալով հանդիպել նրա հետ, մեզ զրկում է ստուգելու խոշտանգման մասին լուրերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ, սակայնՀՔԾ այդ գործելաոճը հիմք է տալիս կասկածել, որ այդ լուրերն այնուամենայնիվ համապատասխանում են իրականությանը:
ՀԳ. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, ինչի նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքն, ի դեպ, որևէ սահմանափակման ենթակա չէ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում:
Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը»:
Այս նյութը դիտել են - 5211 անգամ