Դաժան ծեծի է ենթարկվել երեկ Ազատության հրապարակի հարթակից խոսող Հարություն Աղլամազյանը
2016-08-05 02:08:00

Դաժան ծեծի է ենթարկվել երեկ Ազատության հրապարակի հարթակից խոսող, երթն առաջ տանող ակտիվիստ Հարություն Աղլամազյանը: Հարությունի հայրը՝ Կարեն Աղլամազյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ այս պահին «բազմաթիվ ջարդվածքներով» նրան տարել են Էրեբունի հիվանդանոց. «Ինքը Քննչական կոմիտեում է եղել՝ Արաբկիրի բաժանմունքում:

Եկել է տուն՝ տան մոտ 3 հոգի հարձակվել են վրան: Մենք ոստիկանություն ենք կանչել, շտապօգնություն կանչել, բերել են հիվանդանոց: Պատկերացրեք, 3 հոգի քացով, ձեռքով խփում էին 4 կողմից: Ես իր հետ էի, մեկին բռնում էի, մյուսն էր հարձակվում»: Մեր հարցին՝ որեւէ պատճառ չե՞ն ասել, թե ինչու են հարվածում, հայրը պատասխանեց. «Սկզբում մոտեցան, ասեցին՝ Հարությունը դո՞ւ ես, մի հատ առանձնանանք: Մեկի անունը Կարեն էր, ասեց՝ առանձնանանք, խոսելու բան կա: Տղաս հարցրեց՝ ի՞նչ խոսելու բան, ասաց՝ աղջկա խնդիր է: Ես ասեցի՝ եկեք գնանք վերեւ, խոսենք: Չեկան, տարան մութ տեղը, ես էլ գոռացի, ասեցի՝ լույս տեղը կանգնեք, որ ձեզ տեսնեմ: Մի քիչ խոսեցին, տղաս ասաց՝ լավ, հավայի խոսակցություն եք վարում, ես ձեր հետ խոսելու բան չունեմ ու սկսեցին խփել: Ես մեկին քաշում էի, մյուսներն էին խփում:

Իրենց խնդիրն ուղղակի այն էր, որ իրեն ծեծեն: Ոչ մի անձնական բան չկա»: Հայրը կատարվածը կապում է երեկ հանրահավաքում Հարությունի ելույթի հետ. «Տարել էին Քննչական կոմիտե, ինձ թվում է հատուկ ձգձել են, ուշ են բաց թողել, որ հետո իրեն դիմավորեն»: Հայրն ասաց, որ այս պահին տղային պետք է գլխի, թոքերի, կողոսկրերի ռենտգեն արվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ   

aravot.am

Այս նյութը դիտել են - 7182 անգամ