Ոմանք, իհարկե, շատ քիչ թվով մարդիկ երբեմն նեղսրտած ասում են, թե ինչո՞ւ եք պնդում, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանության գլխին է, ապա Հայաստանում դրական տեղաշարժեր չեն կարող լինել:
Այս հարցը ունի բազմաթիվ պատասխաններ, բայց հիմա կանգ առնենք մեկի վրա: Սերժ Սարգսյանի վերջին ելույթը եկավ մեկ անգամ եւս ապացուցելու, որ ՀՀԿ վերնախավը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանն իրական բարեփոխումների մասին անգամ չեն մտածում:
Իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է. «Ես շնորհակալ եմ մեր մշակույթի երեւելիներին, մեր հասարակական գործիչներին, մեր իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը»:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը «մտավորականներին» ոգեշնչեց շարունակել ապրել եւ գործել նույն ոգով: Սերժ Սարգսյանը զարմանք եւ ցավ չհայտնեց իր ելույթում, որ մենք չունենք այնպիսի մտավորականներ, որոնք կկարողանային վեր կանգնել բոլորից եւ սթափության կոչ անել բոլոր կողմերին: Ստացվում է, որ նա նորմալ է համարում, որ մտավորականը չի տեսնում, որ այսօր ձերբակալված են երգահան Եղիշե Պետրոսյանը, որն առողջական խնդիրներ ունի, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ Սերժ Սարգսյանի Նունեն ու Շուշանը մեր մշակույթի երեւելիներից են: Եւ այսքանից հետո դեռ ասում եք, թե ինչու Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե իշխանափոխություն չլինի: Ինչպես տեսնում եք, իշխանությունները ցանկություն անգամ չունեն փոխել ներկա իրավիճակը: Նրանք ոգեւորում եւ ոգեշնչում են պալատական սազանդար, այսպես կոչված, մտավորականներին:
Վայ այն մշակույթի երեւելիներին, հասարակական գործիչներին, այսպես կոչված մտավորականներին, որոնք վերեւից եկած հրահանգով նամակ են գրում Ժիրայր Սեֆիլյանին, բայց չեն դատապարտում 17 տարեկան տղայի աչքը հանածներին, անմեղ մարդկանց ազատությունից զրկողներին, մարդկանց ազատությունները սահմանափակողներին:
Երբ պետության առաջին դեմքին հիացնում են նման մարդիկ, նման երգիչներն ու դերասանները, երգահաններն ու գրոգները, նման, այսպես կոչված հասարակական գործիչները, ապա երկրում այս իշխանության օրոք ոչ մի դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Սա է իրականությունը, անկախ նրանից, թե ուզում եք տեսնել այն, թե՝ ոչ:
Հակոբ Ասատրյան