Այսօր Politik.am-ը հրապարակել էր մի տեղեկատվություն, որտեղ ասվում է, որ հուլիսի 29-ին Սարի թաղի զանգվածային անկարգություններին մասնակից է եղել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը:
Այս տեղեկատվությունը հետաքրքիր է դառնում նաև այն ժամանակ, երբ այն դիտարկում են ամսիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած մի տեղեկատվության ֆոնին:
Օրաթերթը մասնավորապես գրել էր. «Քրեական հեղինակություններ Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի և Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռևս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն և Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։
Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը։ Սակայն գործն այլ ընթացք է ստացել։
Մեր տեղեկություներով, ԱԱԾ–ն Տլեի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին, «պատանդ» է վերցրել, որպեսզի նրա եղբորը և ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին։ Այդպես էլ եղել է, նրանք հանձնվել են, սկայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել»,-գրել էր թերթը:
Իսկ թե ինչ հանգամանքներում է ԱԱԾ կողմից ձերբակալվել սույն անձը և ինչ հանգամանքներում է ազատ արձակվել ու թե ինչպես է ոստիկանության զորքերի հետ միասին հայտնվել Սարի թաղում և մասնակից դառել անկարգությունների` դեռևս անհասկանալի է:
Այս նյութը դիտել են - 3841 անգամ