Պարոն ոստիկաններ, ես սփյուռքից եմ եկած ու մի խնդրանք ունեմ, չե՞ք օգնի
2016-08-05 16:44:00

«Ազատության» հրապարակում, կարմիր գլխարկավոր ոստիկաններին մոտեցավ մի քաղաքացի.
- Պարոն ոստիկաններ, ես սփյուռքից եմ եկած ու մի խնդրանք ունեմ, չե՞ք օգնի:
- Ասա՛:
- Տարբեր երկներում եղած մարդ եմ, էքստրեմալ հակումներով, կսիրեմ վտանգավոր փորձություններով անցնել, ադրենալի համ զգալ...
- Լսի՛ր, այ ընկեր, ուզածիդ ի՞նչ է,- ջղայն ընդհատեց ավագ ոստիկանը:
- Հեչ բան, պարոն ոստիկան, եթե կարելի է դաժանաբար ոլորեք ձեռքերս ու իմ հեռախոսով նկարեք ինձ, շատ կուզենայի իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել, որ տեսնեն իմ ընկերները, որ ես ալ հայրենիքիս ազատության համար պայքարի իմ բաժինն ալ ունիմ:
Ոստիկանները տատանվեցին, մի կողմ անցան խորհրդակվեցին ու նորից մոտեցան սփյուռքահային:
- Լա՛վ,- ասաց ավագ ոստիկանը,- տու՛ր հեռախոսդ, այս մեր ծառայությունը ձրի չէ, 30 դոլլար արժե:
- Լա՛վ, լա՛վ, համաձայն եմ պարոն ոստիկան,- աշխուժացավ հյուրը, հեռախոսը մեկնեց ավագ ոստիկանին, դրամապանակից խնամաբար հաշվեց և մեկնեց նաև 30 դոլլարը:
Կարմիր գլխարկավոր ոստիկաններից երկուսը սիրով ու քնքշությամբ ոլորեցին հաճախորդի ձեռքերը, հապա դեմքի դաժան տեսք ընդունեցին և խորհուրդ տվեցին իրենց «զոհին» ևս ընդունել տառապյալի դեմք: Երբ տեսարանը արդեն պատրաստ էր, ավագ ոստիկանը մեծ հաճույքով մի քանի անգամ շրխկացրեց թանկարժեք հեռախոսի լուսանկարման կոճակից:
Բոլորը գոհ էին: Քաղաքացին քիչ հեռացավ, բայց նորից անբավարարված տեսքով մոտեցավ նույն ոստիկաններին:
- Պարոն ոստիկաններ, կներեք, իսկ չե՞ք կարող մի քիչ ինձ դաժանաբար ծեծել ձեր ռետինե ոստիկանական մահակներով ու տեսահոլովակ հանել, շատ կխնդրեմ:
Կարմիր գլխարկով ոստիկանները ապշած, երկար, մեկ իրար նայեցին, մեկ իրենց օտարերկրյա ազգականին ու նորից անցան խորհրդակցման:
Քիչ հետո ավագ ոստիկանը սիրով ընդունեց նոր առաջարկը:
- Տեսահոլովակը թանկ ծառայություն է,- ասաց,- արժե 150 դոլլար, եթե համաձայն եք, վճարեք և հետևեք մեզ:
Ճռճռան ու թարմ 150 դոլլարը ստանալուց հետո, ոստիկանները ուղեկցեցին քաղաքացուն իրենց ոստիկանական միկրոավտոբուսի հետևի մասը, չար աչքերից հեռու, և երկուսով սկսեցին տնգստել ռետինե մահակներով: Բայց այս անգամ նրանք դա արեցին առանց ձևականությունների, ոգևորված ու մեծ հաճույքով: Հետո գետնին տապալեցին ու մի քանի հարվածներ էլ ոտով հասցրին հետույքին:
Երբ, սիրով, ոտի կանգնացրին էքստրիմալասեր իրենց արտերկրյա ազգականին, պարզվեց որ ավագ ոստիկանը մոռացել էր սղմել «REC» կոճակը կամ թույլ էր սղմել, որի պատճառով տեսագրությունը չէր ստացվել: 
Քանի որ մեծ ափսոսանք կար 150 դոլլարը հետ վերադարձնելու, ոստիկանները առաջարկեցին կրկնել տեսագրությունը:
Երկրորդ անգամ տեսագրությունը շատ հաջող ստացվեց ու ամեն ինչ շատ իրական էր երևում, ջարդված քիթ ու մռութ, ծեծից հոգնած ոստիկաններ:
Քանի որ արդեն մտերիմ հարաբերություններ էին ստեղծվել, մշտական հաճախորդը խնդրեց նաև մի քանի լուսանկարներ էլ անել ավտոմեքենայի մեջ, ձեռնաշղթաներով, իհարկե ոչ ձրի:
Երբ այդ խնդրանքներն էլ կատարեցին ՀՀ բարեխիղճ ոստիկանները, հանդուգն հաճախորդը չէր շտապում դուրս գալ մեքենայից:
- Մեկ ալ խնդրանք ունիմ, կարել է որ էն մի բանն էլ անիք, ո՞նց էր կոչվում է՜...,- ու մարդը սկսեց փորձել միտը բերել, թե ինչ է ուզում:
Ավագ ու փորձառու ոստիկանը իսկույն կռահեց իրենց սիրելի հաճախորդի միտքը:
- «Բերմա՞ն ենթարկել»:
- Հա՛, հա՛, էդ ալ կուզիմ...
- Ընկե՛ր լեյտենատ, բայց մեքենայի վառելիքը քիչ է, տեղ չենք հասնի,- մտավախությունը հայտնեց ավագին ավտոմեքենայի վարորդը:
- Մի՛ մտահոգվեք,- արձագանքեց համառ հաճախորդը,- վառելիքի փողն ալ առանձին կմուծիմ:
300 դոլլար ծառայությունների համար վճարելուց հետո, չհաշված իհարկե վառելիքի գինը, ուրախ խումբը շարժվեց դեպի ոստիկանական զորամաս:
Ոստիկանական զորանոցում շատ տխուր էր, ընդամենը մի ձերբակալված քաղաքացի տեսավ նա, պառկած զինվորական անկողնու վրա: Չկային բազմաթիվ ծեծված ու խոշտանգված ձերբակալվածները: 
Մոտ երեք ժամից հետո միայն ծանոթ ոստիկանները խոստացել էին իրեն բաց թողնելու, իսկ իրենք մեկնել էին քաղաքի ընտիր խորովածանոցներից մեկում ճաշելու և նշելու հաջող գործարքը:
Տխրությունը ցրելու համար հետաքրքրասեր սփյուռքահայը մոտեցավ անկողնուն պառկած, ձերբակալված քաղաքացուն և փորձեց զրուցի բռնվել:
- Բարև ձեզ: Ձեզի ինչի՞ համար են ձերբակալել:
- Չեն ձերբակալել, ինքս եմ եկել:
- Դուք ալ փող եք մուծե՞լ, որ «բերման ենթարկեն»:
- Չէ՛, այ ախպեր, մերը ձրի է, մենք քաղաքացիական հագուստով ոստիկաններ ենք, մեզ ձրի են բերում: Բայց մի քանի «բերման ենթարկելու» համար դրամաշնորհներ են խոստացել: Դեհ, տունս գյուղում է, հեռու է, որոշել էի զորամասում քնել:
- Բա, որ գիշերը, ցույցից հետո բոլորին բռնեցին, տարան, նրանք որտե՞ղ են, այն ձերբակալված քաղաքացիները:
- Ա՛յ ախպեր, նրանց տուն են տարել:
- Քաղաքացիներին տուն են տարե՞լ:
- Ի՞նչ քաղաքացիներ, տո՛, մեր ոստիկաններն են, հո ոտով չէին գնալու տուն, հոգնած, չարչարված, ամբողջ օրը ցույցերում ու երթերում թափառելուց հետո: Տրանսպորտը գիշերները չի աշխատում, տաքսին էլ թանկ է մեզ համար:
Շա՜տ, շա՜տ հուզվեց սփյուռքահայ զբոսաշրջիկը: Նրան թվաց, թե իր տեսած բազմաթիվ երկրներից ոչ մի տեղ այդպես դաժանաբար չէին խաբել իրեն, ինչպես իր պապերի երկրում: Եվ եկավ այն համոզմունքին, որ իրոք որ հայ ոստիկանները աշխարհի բոլոր երկրների ոստիկաններից ամենից դաժանն ու անմարդկայինն են:

Վահրամ Օհանջանյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1425 անգամ