Կառավարության հերթական նիստում Հովիկ Արգամիչը անդրադարձել է 2016թ. տնտեսական արդյունքներին և մարտահրավերներին: Մեղա, մեղա՝ նաև ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներին: Չմանրամասնեմ՝ նա աշխուժորեն խոսել է արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման մասին:
Կոմունիստական համագումարների ոգով՝ նաև նշել է, որ ՙդրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում՚:
Ելույթը գրողի համար որ՝ հաստատ ՙներառական՚ դարձած կլինի տնտեսական աճը, իսկ ժողովուրդը սեփական խելքով գիտի, որ քանի սրանք կան, ու մկան նման գողանում են ազգային հարստության վերջին մնացորդները, Հայաստանում ՙներառական՚ աճ զգալու են միայն անմարդկային դարձող աղքատության և աղետալի արտագաղթի մասով:
Բայց ամեն բան այդքան վատ չէ, սիրելի ժողովուրդ. խնդրեմ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար կառավարությունը սոցիալական նպաստի չափը բարձրացրեց 1000 դրամով, որպեսզի հատուցեն 112 հազար 300 ընտանիքների` էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը:
Այ, այ, այ, այ… Ինչպիսի վրիպում, Հովիկ Արգամիչ: Բա կարելի՞ է: Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար ուղղակի կապը Սասնա ծռերի խռովության հետ:
Ծռերին հաց ու ջուր տարած էն խեղճ մարդուն բռնել են՝ որպես աջակցի: Բա չե՞ն տեսնում, որ իրական աջակիցը վարչամուկն է՝ եթե նա հայ ժողովրդին մի կես ամիս առաջ երջանկացներ 1000 դրամով, մարդիկ հո իսկականից ծուռ չէի՞ն, որ ոտքի կանգնեին: Հո իրենք իրենց վատը չե՞ն ուզի՝ կուտեին-կխմեին, գոհ ու երջանիկ կապրեին Մկան նվիրած 1000 դրամով: Հլը մի հատ էլ ասեք՝ 1000 դրամ: Կատակ հո չէ՞:
Ուշադիրները նկատած կլինեն, որ Սասնա ծռերի կողմից ՊՊԾ-ի գրավման լարված և պայթյունավտանգ օրերին ամենահանգիստ մարդկանցից մեկը Հովիկ Արգամիչն էր՝ նրան հիշող չկար, Մուկ ասող չկար: Մկան սիրտը ուրախությունից ծփում էր: Դատեք ինքներդ. ո՞ւմ դեմ է Մուկը իրեն հասու բոլոր միջոցներով պայքարում իր նախագահական ամբիցիաներին հասնելու համար:
Ճիշտ եք՝ Սերժիկի և Սերժիկի իշխանությունը հուսալիորեն պահող ուժայինների, որոնք իրենք իրենց կգնդակահարեն, բայց Մկանը գերագույն գլխավոր հրամանատար չեն ընդունի: Այ, հենց դրա համար էլ Մկան քեֆին քեֆ չէր հասնի այս օրերին՝ բոլորը քննադատում, հայհոյում և պախարակում էին… իր անձնական թշնամիներին: Սրտին յոթ շերտ յուղ էր նստում, երբ լսում էր հավաքներին հնչող ՙՍեր-ժիկ, հե-ռա-ցիր՚ կոչը: Երազանքների գիրքն ընկած՝ հավատում էր, որ արարատյան մի գեղեցիկ առավոտ ցուցարարները կգոռան՝ ՙՀո-վիկ՝ նա-խա-գահ՚:
Հովհաննես Արգամիչը էդ երանելի օրերին մտածած կլինի, որ, հազար ներողություն, Հայաստանի նախագահ դառնալու դեպքում Սասնա ծռեր էպոսը օրենքից դուրս, ժամանակավրեպ և անցյալի մնացուկ կհայտարարի:
Բայց Արգամիչը Արգամիչ չէր լինի, եթե չմտածեր բոլոր ուղղություններով՝ եթե ու հանկարծ վիճակ փոխվի, Սասնա ծռերի ձեռքից կպլստա, դե՝ կհավատացնի, որ իրականում ոչ թե Մխչյանի մուկն է, այլ Սասնա ծուռ, ուղղակի ստիպված է եղել չբացահայտվել: Կհավատացնի, որ ինքը Սասնա ծռեր էպոսի հետ էլ կապ ունի և հեչ որ չէ՝ Քուռկիկ Ջալալիին խուտուտ է տվել մեկ-մեկ. մուկ պետք է որ լինի էպոսում, ինչ էպոս առանց հայ մկան:
Կառավարության նիստին ներկա մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մկան դեմքին անհանգստություն է դրոշմված եղել: Արդեն հասկանում է, որ վիճակը կտրուկ փոխվի էլ՝ իր ժամկետը մոտենում է ավարտին, չփոխվի էլ՝ մոտենում է ավարտին: Կիսատ-պռատ, կլասիկ դավաճան, ճամբարափոխ, օդիոզ կերպարներով լցված ԲՀԿ-ով Ազգային ժողովը գրավելու ծրագիրն էլ հեչ հեռանկարային չի:
Այնպես որ, չի խանգարի, որ Մուկը, համենայն դեպս, տանը մի քանի կտոր զենք-զինամթերք պահի: Մարդ ես, հեռու իրանից, մեկ էլ տեսար՝ մի բան եղավ, բա իրեղեն ապացույց չունենա՞, որ հոգով-սրտով աջակցում էր զինյալներին:
Ապահովության համար էլ՝ թող ֆեյսբուքում մի կեղծ էջ բացի՝ Ես Սասնա ծուռ եմ: Կարող է՝ պետք գա:
Մարգարիտ Սարգսյանի ֆբ էջից