Արտաքուստ ես խաղաղ եմ, արևն Արցախում նույն ձևով է ջերմացնում մեզ, ինչպես ուրիշ տաք երկրներում, այստեղ մարդիկ ապրում են սպասումներով, բայց երբեմն այն դառնում է հոգեցունց, երբեմն՝ հանդարտեցուցիչ…Բայց ինչու՞ չեմ կարողանում վաղվա մասին մտածել, վաղը չկա՞, թե՞ կասկածում եմ իմ վաղվա օրվան, չէ՞ որ միշտ երազանքներ ունեցել եմ: Անհանգիստ հոգիս ինձ սաստում է՝ ապրի՛ր այդ օրով, երբեմն՝ փոթորկոտ, երբեմն՝ հանգիստ, միայն թե ապրի՛ր...
Երբեմն հարցնում եմ ինձ՝ արդյո՞ք ապրելու ճիշտ ձևը գիտեմ…Պատահում է՝ արդարանում եմ, երբեմն էլ մեղադրանքի եմ արժանացնում ինքս ինձ՝ այսպես ապրելուս համար, բայց միշտ էլ համոզվում եմ երևույթի ճշմարտության մեջ, որ ուրիշ ձևով ապրել երևի չեմ էլ կարողանա:
Ինչու՞ երբեմն չեմ երազում շքեղ կյանքի մասին կամ էլ չեմ նախանձում բարվոք կյանքով ապրողներին: Դա ինչպե՞ս է լինում, հարմարավետ պայմաննե՞ր, թե ունևորի կեցվածքով սեփանակատերեր, որ չգիտեն որտեղ թաքցնեն իրենց ունեցվածքը: Երբեմն անհանգստություն եմ ապրում, երբ ամսվա գումարայի ծախսերի արդյունքում մի փոքր ավելցուկ եմ նկատում, ուրեմն կարելի է մի փոքր էլ ազատ ապրել, այլապես չենք իմանա՝ որտեղ թաքցնենք այդ պահուստայինում հայտնված վերջին գումարը: Միայն հոգու հանգստություն եմ ուզում, այնտեղ պահուստային թաքստոց չկա, բաց է, ինչպես ձեռքի ափը, անգամ փոթորկոտ պահերիս այդ հոգին ուրիշ երազանքներ չունի, միայն հանդարտություն է ուզում, իսկ այն ամենևին կապ չունի հարմարավետ կյանքի հետ:
Ես երազում եմ մի անհոգ կյանք, որտեղ մտածումներս անցյալ են դառնում, այդ կյանքում ես մտովի չեմ վիճվում այս աշխարհի տերերի հետ, ովքեր մեր բախտն ու ապրելու իրավունքն են որոշում: Այս անհոգ կյանքում ես հավատում եմ մարդկանց, այստեղ ինձ չեն սաստում, որ բոլորին մի՛ հավատա… Այս կյանքում նաև երազանքներ կան վաղվա և նրան հաջորդող օրերի մասին: Կարևորը, որ այդ օրերում նաև ես կամ իմ գոյությամբ, բայց նաև իմ ոչ հարմարավետ կյանքով, որը գոհացնում է ինձ: Ի՞նչ լավ է, որ մարդ վաղվա օրվա մասին երազում է՝ ամուր բռնած իր ապրելու իրավունքը: Երևի իմ անհանգիստ արցախյան հողն էլ երազում է իր վաղվա խաղաղ օրերի մասին՝ թեկուզ ոչ հարմարավետ կյանքով, բայց ապրելու իրավունքն իր ձեռքին: Ես երազում եմ բոլորին ոչ հասու մի երանության մասին, որտեղ մենք վաղվա օր ունենք, այնտեղ ես էլ կամ իմ այս կյանքով, հոգիս հանգիստ է այնտեղ, հանդարտ ու խաղաղ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 7356 անգամ