Աշոտ Կարապետյանն արդեն մեկ տարի է պայքարում է ՀՀ ոստիկանապետ դառնալու համար
2016-08-07 17:06:00

1in.am-ի  զրուցակիցն է Բելգիայում ապաստանած, ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը։

– Պարոն Վիրաբյան, Դուք վերադարձել էիք Հայաստան Ձեր՝ 2004 թ. ապրիլի 23-ին ընդդիմության ցույցից հետո ոստիկանության բաժնում դաժան ծեծի ենթարկելու և խոշտանգելու վերաբերյալ գործն անձամբ վերահսկելու և Երևանի ոստիկանապետի հետ առերեսվելու համար: Ի վերջո, տեղի ունեցա՞վ առերեսում, թե ոչ:

– Իհարկե չեղավ առերեսում, նա խուսափում է առերեսումից: Ինձ ասում են՝ այն, ինչ ես եմ ասել, կրկնելու եմ, այն, ինչ ինքն է ասել, կրկնելու է, բայց ես բերում եմ փաստեր, որ իրականում իրենց խոշտանգումների հետևանով եմ տուժել, կորցրել օրգաններից մեկը, և ապացուցում եմ դա:

Անկախ նրանից՝ խուսափում է, թե ոչ, նախկին գործը, որով Եվրոպական դատարան էին մտել իբր իմ՝ հանցանք կատարելու հիմքով, կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով: Եվ հիմա արդեն նոր գործ է հարուցվել, որով ես ճանաչվել եմ որպես տուժող: Հիմա ոստիկանների մեջ պետք է փնտրեն, թե ինչպես եղավ, ով հարվածեց, ինչ արեց: Չնայած ամեն ինչ նրանք լավ գիտեն, գիտեն, որ քաղաքական նպատակ էր հետապնդում, ինչ դրդապատճառներ ուներ, ինչու հատկապես քրեական ուղղվածություն տվեցին այդ գործին, ուղղակի իրենց ձեռք են տալիս, որ նման հոգեկան հիվանդներ, հանցագործներ այսօր մնան այդ համակարգում: Գործն ի սկզբանե գտնվում է ԵՄ նախարարների կոմիտեի հսկողության տակ, պահանջելու եմ գործի քննություն մինչև վերջ, և եթե չհասնեմ նրան, որ իրական մեղավորները պատժվեն, անպայման նորից կդիմեմ ՄԻԵԴ, և քանի որ գործն իրենց հսկողության տակ է, իրենք համապատասխան եզրակացություն կանեն:

Դիմում եմ քննչական ծառայությանը. «Օգտվելով այն հանգամանքից, որ Աշոտ Կարապետյանը բարձաստիճան պաշտոնյա է և քրեական գործով անցնում է, պահանջում եմ դադարեցնել նրա ծառայողական լիազորությունները՝ մինչև քննության ավարտը»:

Ինքնագիտակցության եկած մեր ժողովրդի հետ այս համակարգը չի կարող երկխոսել, մնում է ուժի դիրքերից խոսել: Սա այն է, երբ ժողովուրդը ուժի դիրքերից է խոսում, ժողովրդին համարում են ահաբեկիչ, բայց իրենց կատարած հանցագործությունների մասին չեն մտածում:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Աշոտ Կարապետյանը մենակ չէ, և սա միայն իր ձեռագիրը չէ, ամբողջ համակարգն է այդպես գործում, ոստիկանությունում հավաքվածներից գրեթե բոլորը հոգեկան շեղումներ ունեն, որոնք պատրաստ են շան ոհմակի նման հարձակվել յուրաքանչյուր քաղաքացու վրա իրենց պաշտոնի, ունեցվածքի, դիրքի համար, որ միայն թե առաջին դեմքին ծառայություն մատուցեն և մոտ լինեն կերակրատաշտին:

– Այնուամենայնիվ, հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

– Սա քաղաքական որոշում չէ և չի բացատրվում նրանով, որ Աշոտ Կարապետյանն իր ծառայողական պարտականությունները լավ չի կատարում:

Ավելին, նրան պետք է ազատեին զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ Երևան քաղաքի 1000 հոգանոց գունդը գրավեցին 30 տղաներ, և թե ինչպես եղավ, որ գնդում մարդ չկար: Տարբեր հարցեր կան, որոնց պետք է պատասխան տար Աշոտ Կարապետյանը:

Բայց նրան տրված խիստ նկատողությունը դրանով չի բացատրվում: Ես լավ գիտեմ պետական համակարգը, լավ գիտեմ գզվռտոցները, նրանք բոլորը պաշտոնի համար կռիվ են անում, և Գասպարյան Վովան ուղղակի օգտվել է առիթից և Աշոտ Կարապետյանին նկատողություն է արել:

Իրականում Աշոտ Կարապետյանն արդեն մեկ տարի է պայքարում է ՀՀ ոստիկանապետ դառնալու համար:

Սա ներքին «ռազբորկա» է և ժողովրդի շահերից չի բխում և ժողովրդի կարծիքի հիման վրա չեն նկատողություն արել: Հստակ գիտեմ, որ Աշոտ Կարապետյանի և Գասպարյան Վովայի հարաբերությունները նորմալ չեն այն պահից սկսած, երբ Աշոտ Կարապետյանը իրեն պատկերացրեց ՀՀ ոստիկանապետի թեկնածու:

– Մենք տեսնում ենք, որ ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները նույնպես դադարեցվեցին։ Կարծում եք՝ այս ամենը նույնպես իմիտացիո՞ն քայլեր են:

– Երանոսյանի եղբոր հետ տեղի ունեցածն այնքան ընդգծված բացահայտ արարք էր… լրատվամիջոցների ներկայացուցչների նկատմամբ կատարված բռնությունների արդյունքում այնպես թե այնպես պարտավոր են պատժել, և սա որևէ կապ չունի նրա հետ, որ իշխանությունները փորձում են կարգի բերել արդարադատության համակարգը կամ ոստիկանությունը: Ուղղակի հասկանում են, որ այդ կարգի մարդիկ ընդգծված երևում են, ձեռագիրը փոխում է իշխանությունը, որ ցույց տա, որ իրենց ինչ-որ զիջումների են գնում, բայց դա այդպես չէ, նրանք երբեք զիջումների չեն գնա, քանի որ կա իշխանության խնդիր:

Նույն Երանոսյան Լյովան կարող է բիրտ ուժով պահել իշխանությունը: Բայց ժողովրդի ինքնագիտակցությունն այնքան է բարձրացել, մյուս կողմից ծայրահեղ աղքատությունն ու անարդարությունն այնքան շատ են, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող համոզել, մանավանդ իրենք կորցրել են խոսք ասելու իրավունքը: Խոսքն արժեք ունի այն ժամանակ, երբ դրան հավատում են, իսկ մեր ժողովուրդն այսօր իշխանությունների որևէ խոստման չի հավատում: Եվ տղաների հետ իշխանության բանակցություններն էլ ցույց տվեցին, որ նրանք կարող են հինգ րոպեն մեկ խաբել, հետ կանգնել իրենց խոստումից, և ժողովրդի թիկունքում հակապետական քայլեր կատարել:

Այն, ինչ անում է իշխանությունը, հակապետական է, պետության նկատմամբ կատարվածը հանցագործություն է: Ոչ թե Աշոտ Կարապետյանին պետք է պատժել, այլ  ամբողջ ոստիկանական վերնախավը: Երևանի կենտրոնում գտնվում են զենքով լի պահեստներ, մեքենաներ, վառելիքով լիքը տարաներ, 40 տոննա բենզին է եղել, 40 տոննայով կարող են ամբողջ Երևանը այրել: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պատկերացնո՞ւմ եք քաղաքի կենտրոնում 30 հոգի գունդ է գրավում: Տարբեր հարցեր կան, որոնք իշխանությունը պետք է պատասխանի երկրի անվտանգությունից ելնելով, առանց ժողովրդի պահանջի, պետք է ծառայողական քննություն անցկացվի:

1in.am

Այս նյութը դիտել են - 1554 անգամ