«Ճիշտը չես կարող ասել, սուտ էլ չես ուզում խոսել....» Ամատունի Վիրաբյան 2016-08-08 03:38:00
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում վերջին շրջանի իրադարձություններին, «Սասնա ծռեր»- ի գործունեությանն անդրադարձավ ոչ թե քաղաքագիտական, այլ պատմագիտական տեսանկյունից:
Այս իրադարձություններն ինչպե՞ս կլուսաբանվեն պատմության դասագրքերում տարիներ անց, երբ չի լինի ներկայիս իշխող համակարգը, և գուցե կփոխվեն արժեքները, գաղափարախոսությունը. այս հարցին ի պատասխան, Ամատունի Վիրաբյանը նշեց. «Չենք կարող դա կանխագուշակել, քանի որ ժամանակ պետք է անցնի, որպեսզի հնարավոր լինի օբյեկտիվորեն ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Պետք է բոլոր էջերը, բոլոր փաստերը բացվեն, թեպետ պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, նույն փաստը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպ է ներկայացվում:
Թե ինչ է տեղի ունեցել «Սասնա ծռեր»- ի գրաված ՊՊԾ գնդի ներսում այդ 15 օրերի ընթացքում, մենք դեռևս չգիտենք, փաստագրված չէ, մենք հետո պետք է իմանանք: Օբյեկտիվ հետաքննության և դատաքննութան արդյունքում վերջնական պատկերը պետք է ներկայացվի դատարանում, դա կլինի իրավական գնահատական, բայց շատ հարցեր կարող են հանելուկ մնալ: Շատ դեպքերում դատարանի վճիռը կարող է իրականության հետ կապ չունենալ»:
Ա. Վիրաբյանի հավաստմամբ՝ արխիվացվելու են նախաքննությունից սկսած՝ բոլոր նյութերը և դատական նիստերի ձայնագրությունը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունները պատմության դասագրքերում շատ լուրջ վեճերի առարկա դարձան, որովհետև, շատերի կարծիքով, ներկայացվել էր միայն իշխանությունների տեսակետը, Ա. Վիրաբյանը նշեց, որ դրանից խուսափել հնարավոր չէ, դեռ կլինեն և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ, օբյեկտիվորեն հնարավոր է գրել առնվազն 50 տարի հետո:
Ա. Վիրաբյանը խոստովանեց, որ ինքը խուսափում է վերջին 25 տարիների իրադարձություններին անդրադառնալ. «Ճիշտը չես կարող ասել, սուտ էլ չես ուզում խոսել: Գործիչներ կան, որոնց մասին խոսելն ինձ համար տաբու են, որովհետև եթե նրանց մասին խոսեմ, վաղը նրանց հարազատները, որդիները սկանդալ կսարքեն: Սա փոքր ազգերի դժբախտությունն է, մեծ ազգերն այսպիսի խնդիր չունեն»: