«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի մայրը հուլիսի 17-ի առավոտն է իմացել, որ որդին ու «մյուս ծռերը» գրավել են ոստիկանության Էրեբունու բաժնի ՊՊԾ գունդը:
«Առավոտյան զանգեր էինք ստանում ու մեր հարազատներից ենք իմացել, որ նման բան է տեղի ունեցել, որ Վարուժանս նրանց մեջ է», - Aysor.am-ի թղթկացի հետ զրույցում ասում է Վարուժան Ավետիսյանի մայրը՝ Ռոզա Ավետիսյանը:
Նշում է՝ ապրումներն աննկարագրելի էին. «Լացում էի բարձր ձայնով, իսկ տղայիս հետ ոչ մի ձև չէինք կարողանում կապ հաստատել, մի բան իմանալ իր մասին»:
Ասում է, որ որդին բացարձակ չի կիսվել իր քայլերի մասին: «Ժամերով կնստեր, կխոսեր, բայց երեբք չէր ասի՝ ինչ են ուզում անել, ինչ քայլեր են անելու: Նույնիսկ այդ օրվա մասին որևէ բան չի ասել: Կնոջն ասել է՝ Պավլիկը (նկատի ունի «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանին - Aysor.am) խորոված է արել, գնում ենք Ապարան», - նշում է Վարուժան Ավետիսյանի մայրը:
«Անընդհատ անհանգիստ էի, անհանգիստ էի ոչ միայն Վարուժանիս համար, այլև բոլոր տղաների, Պավլիկի 22-ամյա քաջ զավակի համար: Իմ տղային ու մյուսներին էին ահաբեկիչ անվանում, մինչդեռ, դրսից էին նրանց անընդհատ ահաբեկում: Իմ Վարուժանը բարի, արդարամիտ, շատ խղճով տղա է», - ասում է տիկին Ռոզան ու հիշում, որ Վարդավառին, երբ հարազատներով գնացել են սար, գառ պետք է մորթեին, իսկ Վարուժանն այդ պահին սարից այն կողմ էր անցել: «Այնքան հեռու էր գնացել, որ չտեսնի ինչպես են գառ մորթում, չէր ուզում գառը մորթեին, իսկ հետո այնքան խնդրեցինք, որ այդ մսից ուտի, չկերավ, իսկ հիմա ասում էին պետք է արյունահեղության գնալ, իմ Վարուժանն արյուն չի սիրում, նա նման քայլի երբեք չէր գնա, ես վստահ էի»:
Ռոզա Ավետիսյանը ճիշտ է համարում «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելն ու խաղաղ կերպով հանձնվելը:
«Հարազատները ամեն օր զանգում էին, խնդրում , որ Վարուժանին համոզեմ վայր դնեն զենքերը, հանձնվեն, բայց ես իմ որդուն չէի կարող նման բան ասել: Ես գիտեմ նրա բնավորությունը, նա ոչ մեկին չէր լսի, նա ինքը գիտի ինչ է ուզում», - ասում է տիկին Ռոզան:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ կոչ կուղղեր որդուն, տիկին Ռոզան նշում է՝ հիմա արդեն կոչերի ժամանակը չէ. «Ես հիմա իմ որդուն միայն առողջություն եմ կամենում, թող ամուր լինի, ոչնչից չվախենա: Հանձնվելուց ինքն ասաց՝ մահից ու բանտից չվախենալ, թող շարունակի այդ ոգով»:
Տիկին Ռոզան որդուն ազատ թռչուն է անվանում. «Վարուժան նշանակում է արու թռչուն, իմ Վարուժանն ազատ թռչունի նման է, նա վանդակում երկար չի կարողանա դիմանալ…»:
Հեղինակ՝ Անի Վարդանյան
aysor.am