Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը թեժ պայքար են մղում միմյանց դեմ
2016-08-08 12:30:00

Միացյալ Նահանգներում նախագահի թեկնածուները՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը, թեժ պայքար են մղում միմյանց դեմ: Ներկայիս պայքարը, հատկապես, աչքի է ընկնում միմյանց հասցեին վիրավորական արտահայտությունների անվերջանալի տարափով:

Օրինակ, Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների հետ հանդիպմանը մրցակցին «աննորմալ» ու «նեխած» է անվանել: «Նա միանգամայն աննորմալ մարդ է: Նա անհավասարակշիռ է: Դա հասկանալու համար բավական է հետեւել նրա պահվածքին, կարդալ նրա մասին»,- ասել է Թրամփը՝ Քլինթոն ազգանվան առաջ օգտագործելով «նեխած» բառը:

«Ես չեմ կարծում, որ այս երկրում մարդիկ կցանկանային ունենալ մի նախագահ, որի մոտ կարող է «կարճ միացում» տեղի ունենալ: Նա լրիվ խելքը թռցրել է: Եթե նա ընտրություններում հաղթի, ապա երկիրը ներսից կքանդվի: Հուսանք, որ նա նախագահական ընտրություններում կպարտվի»,- հավելել է միլիարդատերը: Հանրապետականները նաեւ համացանցում տարածել են մի տեսանյութ, որում Քլինթոնը պատկերվում է շարքից դուրս եկող ռոբոտի տեսքով:

Իր հերթին, Դեմոկրատական կուսակցությունը տարածել է տեսանյութ, որում նրան անվանում է Ռուսաստանի նախագահի ընկեր եւ նրան մեղադրում Մոսկվայի շահերն առաջ քաշելու մեջ: Իսկ օրերս էլ Դեմոկրատական կուսակցությանը մոտ կագնած New York Post օրաթերթը հրապարակել էր Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի մերկ լուսանկարները, որոնց տակ եղել է հետեւյալ գրությունը. «ԱՄՆ-ն երբեք այսպիսի պոտենցիալ առաջին տիկին չի տեսել: Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կինն օրինակելի առաջին տիկին կլինի, եւ ահա դրա ապացույցը»:

Այս օրերին նախագահի երկու թեկնածուների վարկանիշի վերաբերյալ իրարից տարբերվող տվյալներ են հրապարկվում: Օրինակ, ABC հեռուստաընկերության եւ The Washington Post օրաթերթի երեկ հրապարակած հարցման արդյունքների համաձայն, ներկա պահին ամերիկացիների 50 տոկոսը մտադիր է քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին: Մինչդեռ, ամերիկացիների 42 տոկոսը նախընտրում է իր ձայնը տալ Թրամփին:

Մեկ այլ՝ Reuters գործակալության կողմից հուլիսի 31-ից օգոստոսի 4-ն անցկացված հարցման համաձայն, Քլինթոնի օգտին մտադիր են քվեարկել ամերիակցիների 42 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ 39 տոկոսը: Սա վկայում է, որ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում հանրապետական թեկնածուի վարկանիշը որոշ չափ նվազել է. եթե մինչ վերջերս նրան հաջողվեց արագորեն ոչ միայն մոտենալ, այլեւ մի պահ նույնիսկ մի քանի տոկոսով գերազանցել դեմոկրատ մրցակցին, ապա այժմ նրա վարկանիշի աճը ոչ միայն կանգ է առել, այլեւ որոշ չափ նվազել է: Ենթադրվում է, որ դրա պատճառներից մեկը Թրամփի կնոջ մերկ լուսանկարների թողած բացասական ազդեցությունն է:

Համենայնդեպս, հարցումների արդյունքները վկայում են, որ ներկա պահին թեկնածուներից ոչ մեկն էլ չի կարող ստանալ ընտրվելու համար անհրաժեշտ 51 տոկոսը: Սա նշանակում է, որ մրցապայքարում անորոշությունն ու ինտրիգը մեծանում է:

 
Այս նյութը դիտել են - 5736 անգամ