Ադրբեջանը սպառել է առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները. Արծրուն Հովհաննիսյան
2015-12-22 12:02:00

Ադրբեջանն իրավիճակը հասցրել է նրան, որ այսօրվա դրությամբ առաջին գծում ունեցած իր բոլոր զինատեսակները սպառված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Լրագրողի այն մեկնաբանությանը, որ անհրաժեշտ է այդ նույն զինատեսակներով պատասխանել՝ մամուլի քարտուղարն արձագանքեց, որ պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր ծավալով, բայց ավելի ճշգրիտ:

«Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ-երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ -երկու զինվորի, նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել: «Առայսօր նրանց անգամ դա չի հաջողվել»,- փաստեց Հովհաննիսյանը:

Այս նյութը դիտել են - 1494 անգամ