Այսօր` օգոստոսի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար արհեստական լճակում երեխաներ են ջրահեղձ եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Արսեն Հարությունյանը Չարենցի փողոցին հարակից Ծովինար լճակից դուրս բերեց Հրազդան քաղաքի Չարենցի փողոցի 9 տան բնակիչներ, 15-ամյա Անանիկ և 12-ամյա Անդրանիկ Ավագյանների դիերը:
Տեղում ազշխատանքները ղեկավարել է ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
Տեղում է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը երեխաների դիերը հայտնաբերել է ափից 6 մ հեռավորության և 2 մ խորության վրա: