Միշտ էլ ուսուցչից վարվելակերպ է պահանջվում...2016-08-10 01:08:00
Ոչ մի օրենքում գրված չէ, որ ուսուցիչը պետք է կոշտ ու կոպիտ լինի աշակերտների հետ: Երբեմն հայտնվում ենք տարբեր իրավիճակներում, որտեղ ուսուցչից վարվելակերպ է պահանջվում:
Պատահում է նույնիսկ, որ երբեմն աշակերտների հետ ունեցած վերաբերմունքով` ուսուցիչն ինքն է կարգապահական խախտում կատարում` տեղի թե անտեղի գոռգոռում աշակերտների վրա, վիրավորական բառեր ուղղում նրանց, և նրա ոչ մանկավարժական վերաբերմունքի արդյունքում մի մեծ անջրպետ է առաջանում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում: Երիտասարդ ուսուցչուհու` ինձ ուղղված մտահոգությունը, որ իրեն ասում են, թե ուսուցիչը պետք է չոր ու ցամաք խոսի աշակերտների հետ, որքան զարմանալի, նույնքան հիասթափեցնող էր այն ուսուցիչների վերաբերմունքի առումով, որ երբեմն ոմանք չեն ուզում դուրս գալ նախկին կաղապարված իրավիճակից, և նույնիսկ նրանց կողմից որոշ դեպքերում աշակերտները դիտվում են որպես «գործիք», որոնց, կարծում են, նույնիսկ կարող են պարտադրաբար իրենց կամքը թելադրել:
Վարվեցողության կանոններ սովորեցնողները առաջին հերթին իրենք պետք է դրանց տիրապետեն: Նման ուսուցիչները ձգտելու են ուրիշներին իրենց օրենքներն ու սեփական կարծիքները թելադրել, երբեմն նրանց դուր չի գալու, որ տվյալ ուսուցիչը սիրվում է աշակերտների կողմից կամ ուսումնական գործընթացում հաջողություններ է գրանցում, անպայման կգտնեն արդարանալու միջոց` նա դպրոցի լավ դասարաններում է դասավանդում, այդ պատճառով էլ նրա աշակերտներն այս կամ այն մրցույթներում կամ օլիմպիադաներում հաղթանակներ են գրանցում... Նրանց կողմից սովորական են դառնում դիմացինի մեջ թերություններ գտնելը, առերես ժպտալն ու մարդու հետևից ցեխ շպրտելը, իսկ դրանք չպետք է մտահոգեն ամենևին բոլոր այն ուսուցիչներին, որոնց համար մանկավարժության ճանապարհը սահուն է և անցանելի: Այսպիսի դեպքերում իրենց ամենագետ համարող ուսուցիչների կեղծ ժպիտների փոխարեն ես կգերադասեի աշակերտների հետ ունեցած նորմալ հարաբերություններով նրանց սերն ու հարգանքը վայելել: Կարծում եմ` իմ այս տողերը կարդացող մեր երիտասարդ ուսուցիչները կհասկանան, թե որքանով է ճիշտ, երբ աշակերտների հետ ուսուցիչը հարաբերվում է չոր ու ցամաք և կոշտ վերաբերմունքով:
Երբեմն աշակերտին պետք է դիտել հավասար իրավունքներով, հարգել նրա տեսակետը, կատարած առաջարկությունը, կարծիքներ փոխանակել..., իսկ դա կայանում է ուսուցիչ-աշակերտ նորմալ հարաբերություններում:
Մանկավարժի աշխատանքը բարդ գործունեություն է, այն պետք է կատարել հոգու թելադրանքով, այդ դեպքում միայն կարելի է հասնել հաջողության, որի արդյունքում կսիրվես աշակերտներիդ կողմից, իսկ ովքեր հեռու են նման մանկավարժական մոտեցումից, կփորձեն սխալներ փնտրել դիմացինի աշխատանքում: Կարծում եմ` ավելի նախընտրելի է աշակերտների սերը վայելել, քան դրա փոխարեն կորցնել նրանց և ընդունել մի քանի վայ մանկավարժների կարծիքներ: Խորհրդային տարիների ուսուցչակենտրոն ուսուցումն իր դարն ապրած է, այն փոխարինվել է աշակերտակենտրոն ուսուցման, որի համաձայն աշակերտն առաջնային դերում է, իսկ ուսուցիչն ուղղորդում է նրան, երբեմն հավասարվում են նրանց իրավունքները, և այն առանձնապես նկատելի է լինում բարձր դասարանի աշակերտների հետ ունեցած հարաբերություններում: Երբեմն ուսուցչի հոգուց բխած խոսքը նոր թևեր է տալիս աշակերտներին, մի նոր մտերմիկ հարաբերություն ստեղծում նրանց միջև, որը կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի խաթարելու: Բայց նաև չպետք է թույլ տալ, որ չարաշահեն ուսուցչի մտերմիկ վերաբերմունքը, թերևս այս դեպքում ամենաճիշտը ոսկե միջինն է, որ պետք է կարողանալ պահպանել:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 6600 անգամ