Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել ԶԼՄ-ների առջեւ:
Նախագահի մամուլի գրասենյակը հրապարակել է հայտարարությունն ամբողջությամբ, «Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար:
Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջեւ հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչեւ տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջեւ կապերն ընդլայնվում են, եւ դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ ուղիղ կապերը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության եւ անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին , ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար եւ համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:
Մենք այսօր քննարկել ենք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին եւ խոչընդոտներին, մեր առեւտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:
Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախեւառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:
Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի Նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է եւ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ:
Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման եւ նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ եւ իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:
Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության եւ համերաշխության թեմաները հատկապես արդիական են օլիմպիական խաղերի օրերին: Մենք եւս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականներին եւ ցանկանում ենք միասին ուրախանալ մեր եւ ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները եւ նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի»:
Այս նյութը դիտել են - 5846 անգամ