Արարատի մարզի Այգեստան գյուղում սեպտեմբերի 18-ին համայնքապետի ընտրություններին առաջադրվել է երեք թեկնածու՝ արդեն 8 տարի գործող գյուղապետ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սոկրատ Հովսեփյանը, Հակոբ Հասրաթյանն ու Արմեն Շահգելդյանը:
news.am-ի հետ զրույցում գյուղապետի թեկնածու Հակոբ Հասրաթյանը նշեց, որ գյուղացիների շուրջ 70 տոկոսը դժգոհ է գործող գյուղապետի գործունեությունից: Նրա խոսքով՝ մեծ շանսեր կան, որ առաջիկա համայնքապետի ընտրություններում ինքը հաղթի:
«Գյուղում անմիխիթար վիճակ է, գյուղի բնակչության 70 տոկոսը դժգոհ է գյուղապետի գործունեությունից: Էլ չեն ուզում, որ ինքը մնա գյուղապետ: Հիմա որ գաք մեր գյուղ՝ կպատկերացնեք վիճակը, հին ջրատար խողովակները հանել, տարել վաճառել են, գյուղի լուսավորությունն ապահովող լույսերի սյուները փոխել են, դրանք տարել են վաճառելու ու անճոռնի վիճակ է եւ էլի շատ-շատ խնդիրներ կան»,-ասաց Հակոբ Հասրաթյանը:
Մեզ հատ զրույցում գործող գյուղապետ Սոկրատ Հովսեփյանն էլ իր գործունեությունը դատապարտողներին անվանեց «վիժվածքներ», իսկ ջրագծերի խողովակների, գյուղի անմխիթար վիճակի մասին խոսակցությունները սուտ որակեց:
«Էդպիսի բաներ ասողները վիժվածքներ են, եկեք գյուղ տեսեք իմ կատարած աշխատանքը, ես այնպես եմ արել, որ մեր գյուղում գազն անցկացվի ոչ թե 10 միլիոնով, այլ 2 միլիոնով: Քանի որ մենք հայ ենք ու նախանձությունը մեզ ուտում ա, պետք է բամբասենք, այլ կերպ չենք կարող: Ես այս աշխարհից ոչինչ չեմ տանում, բացի իմ քրտինքով վաստակած իմ անձի վերաբերմունքից, եթե գյուղացին չի գնահատի իմ աշխատանքն՝ ինչ կարող եմ ասել:
Այնքան բաներ կան, որ ես արել եմ, ես նախկին դատախազ եմ եղել, ես մի քանի մասնագիտություն ունեմ եւ իմ նման գրագետ մարդ, շատ կներեք, Հայաստանում չեք գտնի, դա ես չեմ ասել՝ դա ասել էր մեր դատախազության վարչության պետը, որն ազգությամբ եզդի է»,-ասաց նա:
Այս նյութը դիտել են - 6170 անգամ