Մենք պետք է ցույց տանք, որ պատերազմից չենք վախենում...
2015-12-22 12:12:00

«Սարգսյան-Ալիև հանդիպումը անարդյունք էր և որևէ արժեք չի ներկայացնում: Այն ուղղակի արարողակարգային բնույթ էր կրում: Թշնամին ունի հստակ ձևավորված գաղափարախոսություն, որից երբևէ չի հրաժարվել: Իսկ դա բոլոր խանգարիչ հանգամանքների վերացումն է, իսկ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի խանգարիչ հանգամանքն ենք: Տարիներ շարունակ զբաղվել ենք ինքնախաբեությամբ: Ոչ մի բանակցություն էլ չի կարող լինել, դրանք ձևական բնույթ են կրում, որոհետև թշնամու հետ գործ ունենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ մենք ուղղակի պետք է փորձենք վարվել Իսրայելի նման.

«Այս երկիրը միայն իր շահն է հետապնդում և հակառակորդի հետ զիջումների է գնում այնքանով, որքանով այն իրատեսական է: Ինքը վարում է իր քաղաքականությունը: Օրինակ՝ 1 հրթիռակոծությանը պատասխանում է 10-ով: Իսկ մենք այդպիսին չենք: Անընդհատ հպարտանում ենք, որ զսպվածություն ենք դրսևորում, ցույց ենք տալիս, թե ինչ բարբարոս է մեր թշնամին, բայց մենք քաղաքակիրթ ենք: Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ ուղղակի հին հունական վարքագիծ դրսևորեցինք՝ որևէ գործողություն չիրականացնելով ու հրադադարը միակողմանի պահպանելով: Կամ, որևէ մեկին հայտնի՞ է, թե ինչ պատասխան ենք տվել 2014 թվականին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցումից հետո: Եվ, եթե պատասխանը համարում ենք այն, որ մեր դիակները դուրս ենք բերել, ապա ասեմ, որ դա մեր պարտավորությունն էր: Դա էլ եթե չանեինք, ուրեմն՝  ամոթ մեզ:  Սրանք անտեղի ասպետություններ են, որոնք բացի վնասից մեզ ոչինչ չեն կարող տալ: Մենք պետք է ցույց տանք, որ պատերազմից չենք վախենում, որովհետև եթե թշնամին տենչում է, միևնույն է՝ պատերազմը լինելու է»,-նկատեց Հայկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Մոսկվայում երեկ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ապա քաղաքագետի խոսքով, Նախագահի խոսքը բավական հստակ էր ու հասցեական, ինչն առաջընթաց է, որովհետև մենք երկար ժամանակ մեղմ, չափից ավելի հավասարակշիռ քաղաքականություն ենք վարել:

Անի Կարապետյան

Այս նյութը դիտել են - 1731 անգամ