Երանի Ձեզ, որ Ամերիկայում եք ապրում...
2016-08-12 00:08:00
Մարտակերտի՝ սահմանամերձ բնակավայրի իմ տանը հյուընկալվող հեռավոր Լոս Անջելեսից եկած հյուրին բարևելուց հետո յոթ տարեկան թոռնիկիս հաջորդ խոսքը սա էր. «Երանի Ձեզ, որ Ամերիկայում եք ապրում»: Ասաց ու գլխիկոր սենյակից դուրս եկավ… Իմ բոլոր հյուրերն էլ մնացին զարմացած: Ես ինքս էլ երբևէ չէի սպասում նման արձագանքի: Մի պահ կարծես կանգ առավ ամեն ինչ, ինձ թվաց շնչելու օդն էլ չի հերիքում… Րոպեներ անց, երբ ամեն ինչ հունի մեջ էր ընկել, կարծես մոռացել էինք խոսքերը, ես Նարեկիս հարցրի, թե ինչու՞ նա այդպես ասաց: Ուսերը թոթվեց ու լռեց: Երբ ժամեր հետո հեռավոր ափերից Արցախ եկած իմ սիրելի հյուրը՝ բանաստեղծուհի Նելլի Ավակովան /Գրիգորյան/ թոռնիկիս համբուրում ու բարի ճանապարհ էր մաղթում, նա նորից կրկնեց իր խոսքը արցախցուն հատուկ հնչողությամբ ու մտերմական. «Ներակ քեզ, որ Ամերիկայումըս ապրում»:
Մենությանս մեջ ես խոսում եմ Արցախի բոլոր բալիկների հետ, որոնց մանկությունը խաթարվել էր ապրիլյան պատերազմական օրերին: Իմ լռությունն աղաղակում է՝ ի լուր աշխարհի տերերի, որ մենք խաղաղ ու ապահով կյանք ենք ուզում այս փոքրիկ լեռնաշխարհում: Ես հետո գրկում եմ իմ Նարեկին, համբուրում նրան, բայց մտահոգ է նա. «Ես չեմ ուզում պատերազմ լինի, ինչու՞ են մարդիկ սպանվում»:
Իսկ ինչու՞ եմ ես զարմանում, որ պատերազմ տեսած այս բալիկը մի նոր կյանք է ուզում... Բայց ինչու՞ չզարմացա, որ ամիսներ առաջ թոռնիկս նոր տարվա տոնածառը զինվորական համազգեստով էր զարդարել, կամ բակում խաղացող երեխաների հետ միշտ «Պատերազմ» է խաղում, նույնիսկ խանութի խաղալիքների մեջ նա զենքն է ընտրում, իսկ ապրիլին՝ բնակավայրիս հրետակոծության օրերին, երբ շենքի նկուղում սարսափահար վեր էի թռչում, իրեն տղամարդ համարող թոռնիկս հանգստացնում էր ինձ, որ չվախենամ, այդ մերոնք են հրետակոծում: Ու հայացքը հառում էր շրջապատի դատարկությանը, իսկ բակում խաղընկերները չկային, իսկ նա պատերազմից հոգնած խաղալ էր ուզում…
Տխրում է հոգիս, ինչու՞ են մարդիկ սպանվում, կրնկնում եմ ես, ինչու՞ է մեր բալիկը երանի տալիս հեռուներում ապրողներին…
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4729 անգամ