Օրերս «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր մի տեղեկատվություն, որտեղ մասնավորապես ասվում է.«Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել:Այս նյութը դիտել են - 1169 անգամ
Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին: Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը:
Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը: Ասում են` առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն: Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն է նախարարի հետ»:
Այս խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հետ, որտեղից մեր հարցման ի պատասխան ասացին .«Շրջանառվող լուրերը, թե ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարների որակավորման ստուգումն իրականացրել է առանց լուսաբանման և դա պայմանավորված է եղել այլ գործոնով, իրականությանը չեն համապատասխանում:
Համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի՝ որակավորման ստուգումն անցկացվել է դռնբաց: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝
www.moj.am, (ինչպես անցած տարիներին անցկացված որակավորման ստուգումների ժամանակ) պարբերաբար հրապարակվել են թե՛ ստուգման վերաբերյալ հայտարարությունները, և թե՛ տեղի ունեցած քննության մասին հաղորդագրությունը:
Մասնավորապես` 30/06/2016 թվականին ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և www.azdarar.am-ում
հրապարակվել է «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների մասին» հայտարարություն՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի:
Այնուհետ, 22/07/2016 թվականին վերոնշյալ պաշտոնական կայքերում, ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, հրապարակվել է «Նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը» (http://moj.am/announcements/view/article/134 ): Իսկ 03.08.2016 թվականին ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլի մեկնարկի մասին հաղորդագրություն (http://moj.am/article/1578):
Այսպիսով, նոտարների որակավորման ստուգմանն առնչվող բոլոր հայտարարություններն ու հաղորդագրությունները եղել են հրապարակային, ՀՀ արդարադատության նախարարության կայքի միջոցով հասնալի են եղել զանգվածային լրատվության միջոցներին»,-ասվում է նախարարության պատասխանում: