«Ես համարում եմ, որ դա մի քիչ էլ ծիծաղելի էր, երբ մարդիկ հիվանդանոցում տառապում էին, իսկ նախագահն ինչ-որ ներողություն է ասում ու մոռանալու կոչ է անում, ինձ համար մի քիչ տարօրինակ էր։ Ի՞նչ է նշանակում մոռանալ, մոռանանք ինչը, որ, օրինակ, ես հարվածեմ ոստիկանին, ինձ դրա համար դատ է հասնում, իսկ լրագրողն ինչո՞վ է տարբերվում այս դեպքում, երբ ունի վկայական, վրան էլ գրված է մամուլ, բայց թքած ունեն ամեն ինչի վրա և կարող են ռմբակոծել, մահակով ծեծել, գցել հիվանդանոց։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ոստիկանապետը կարգադրել է, իսկ ո՞վ է ոստիկանապետը, նա պետք է պաշտպանի ինձ, լրագրողներին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում իշխանությունների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու խնդրին:
Ասուլիսին ներկա՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ լրագրողների հանդեպ այս տարվա բռնությունները աննախադեպ չի համարում։
«Անկախության 25 տարիներին մենք ունեցել ենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր. և՛ լրագրողների ծեծ է եղել, և գրեթե մահափորձի դեպքեր, խմբագիրների հանդեպ տարատեսակ ճնշումներ, և սա՝ մեր պրակտիկայում սովարական երևույթ է»,-նշեց խմբագիրը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում