Բժիշկները պայքարում են ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի կյանքի համար. վիճակը ծայրահեղ ծանր է
2016-08-12 22:51:00

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման օրը` հուլիսի 17-ին վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Նա գիտակցություն չունի, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Այս մասին այսօր մեր զրույցում ասաց Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը` անդրադառնալով նաեւ նախորդ օրը հրավիրված կոնսիլիումին:

«Իր վիճակը ի սկզբանե շատ ծանր է եղել եւ ծանր ընթանում է մինչեւ հիմա: Դրական տեղաշարժերը բավականին քիչ են եղել: Գիտակցություն չունի, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Մենք դա շարունակում ենք` խնայելով իր ուղեղը, օգնում ենք իրեն, որպեսզի լիարժեք կատարվի թոքերի օդափոխություն: Նրա վիրավորումները շատ ծանր են եղել` կյանքի հետ անհամատեղելի: Պայքարը 20 օր շարունակվել է համալսարանական թիվ մեկ հիվանդանոցում` շատ բարձր մակարդակով:

Այնտեղ արդեն երիկամների վատ աշխատելու խնդիր էր առաջացել, դրանով պայմանավորված տեղափոխել են մեզ մոտ, որպեսզի այստեղ կատարենք արհեստական երիկամի միացում: Իսկ կոնսիլիումի նպատակը հենց դա էր, որպեսզի հանրապետության լավագույն մասնագետները գային, տեսնեին, թե մեր արհեստական երիկամի ապարատի գործունեության հետեւանքով ինչպիսի տեղաշարժ է լինում: Կա չնչին դրական տեղաշարժ»,- ասաց բժիշկը: Հիշեցնենք, որ 45-ամյա ոստիկանը ստացել է կրծքային-որովայնային հրազենային վիրավորում: Դրա հետեւանքով վնասվել են լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը:

Առողջապահության նախարարությունը այսօր տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների հետեւանքով տուժածներից այդ օրվա դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։ Վերակենդանացման բաժանմունքում է միայն հրազենային վիրավորում ստացած ոստիկանը: Խոսքը Գագիկ Մկրտչյանի մասին է:

Մյուս վիրավորը` «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որի վիճակը նույնպես ծանր էր եւ գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ըստ նախարարության, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ` վիճակի բարելավումով պայմանավորված։

armtimes.com 

Այս նյութը դիտել են - 8238 անգամ