«Պարզապես հիմարություն է». Էրեբունի ԲԿ փոխտնօրենը՝ Պավլիկ Մանուկյանի ոտքը կտրելու
2016-08-13 03:39:00

«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Նրանց վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները և մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ իրավապաշտպան ներկայացող Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում երեկ գրել էր. «Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է…» :

«Էրեբունի ԲԿ-ն իր գործունեության 30 տարիների ընթացքում հիվանդանոց ոտք դրած ցանկացած քաղաքացու վերաբերվել է որպես հայ մարդու և արվել է առավելագույնը նրանց՝ լիրաժեք բուժօգնություն ստանալու իրավունքն իրացնելու համար: Մեզ համար կապ չունի բուժօգնության դիմած անձը բանվոր է, թե նախարար, սա մեր սկզբունքն է: Հիմա այդ ոտք կտրելու մասին  հայտարարությունը մեկնաբանելն անգամ ամոթալի է, ոնց կարելի է նման անպատասխանատու բաներ անել»,-հավելեց Մանուկյանը:

Միքայել Մանուկյանը խորհուրդ տվեց մարդկանց անլուրջ ապատեղեկատվություններ չտարածել: «Որոշ ժամանակ առաջ էլ գրում էին, թե, իբր, բժիշկները խոշտանգում են զինյալներին, դա էլ հիմարություն: Երբ ես այցելություններից մեկի ժամանակ Պավլիկին ու մյուսներին պատմեցի այդ մասին, նրանք պարզապես ծիծաղեցին՝ ասելով, որ պատրաստ են հերքել դա, ասացինք, որ դրա ժամանակը չէ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ օրուգիշեր ամեն ինչ արվում է խմբի բոլոր անդամների առողջական խնդիրները վերացնելու ուղղությամբ»:

 

Այս նյութը դիտել են - 5772 անգամ