Ամերիկայում ապրող մի թանկագին ՆԱ...
2016-08-13 22:00:00

Ես այս պահից ուզում եմ այն երկու տառից կազմված ՆԱ դերանունը շարունակաբար գործածել մեծատառով, որ պիտի իմ տողերում փոխարինի ինձ հոգեհարազատ դարձած մարդու՝ հեռավոր Նյու-Յորքում ապրող Գոհար Բադալյանի անուն-ազգանվանը: Եվ նրա կողքին տեսնում եմ սփյուռքահայության ճակատագիր, նրա անցած ու ներկա կյանքի պատմություն, անցյալում մնացած թափառումներ երեկրեերկիր, մի կտոր հացի որոնումներ օտար ափերում, ամենօրյա ազգային ու հոգեկան ծանր ապրումներ:

Անցած տարի էր...Հայրենի հողի կարոտի գրականության մասին էի շարադրում և տողերիս մեջ օտարության մեջ ապրող հայությաննն էի տեսնում, որ կարոտը մի բուռ դարձրած ապրում է օտար ափերում: Հայացքս հառեցի այդ թեմայով «Անդին» ամսագրում տպագրված իմ հոդվածներից մեկի մեկնաբանության տողերին, որտեղ հիացմունքի խոսք կար մանկավարժիս գրավոր խոսքի գրագիտության մասին, որն ընթերցեցի սիրով և անմիջապես ընկերանալու հայտ ուղարկեցի այդ տողերի հեղինակ Գոհար Բադալյանին:

88-ի Գյումրիի երկրաշարժից հետո օտար ափերում ապրող հարազատ մարդ, բարի ու ազնիվ մի անհատականություն, ում հետ ընկերությունը պիտի վերածվեր բարեկամության: Մենք երբևէ առերես իրար չենք տեսել, բայց կարծես միմյանց ճանաչում ենք տարիների հեռավորությունից: Ամեն մի գրագրության ժամանակ ես զգում եմ, որ այդ հեռավորությունը կրճատվում է կամաց-կամաց, որքան հեռու, այնքան մոտիկ ենք իրար: Եվ հիշում եմ, թե ինչպես ՆԱ զարմացրեց ինձ ծննդյանս օրվա իր առաքած «ծաղիկների» առաջին անսովոր անակնկալով:

ՆԱ դարձավ ինձ հարազատ իմ գրագրությունների իր հիանալի մեկնաբանություններով, սահմանամերձ բնակավայրիս անհանգիստ ապրումներով, ապրիլյան պատերազմական օրերի ողբերգական դեպքերով...Առայսօր էլ ՆԱ իր ընտանիքով ամենուր մեզ հետ է...Այն մեծ քաղաքում ՆԱ իր թոռնիկի հետ մտնում է ամերիկյան դպրոց, իսկ այստեղ՝ Արցախում, մտովի մանկավարժիս հետ է՝ իմ դասավանդելիք դասարաններում՝ մեզ առաջարկած շարադրության խորագրերով, ամերիկյան դպրոցի հրաշալի համակարգի, կամավորականների օրինակելի խմբերի, գրադարանային ընթերցասիրության և այլ թեմաների շուրջ իր հետաքրքիր զրույցներով:

Այսօր Գոհար Բադալյանի ծննդյան օրն է, մենք նրա հետ ենք՝ մեր լավագույն ցանկություններով, բարի տարեդարձի մաղթանքներով, երջանկության ակնկալիքով: Բոլորիս անունից այս շնորհավորանքը թող հասանելի լինի հրաշալի մարդուն, Սփյուռքում ապրող հայրենասեր հայուհուն:

Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 7372 անգամ