«Հաց բերող» Արթուրի ձեռագործ աշխատանքները վաճառվեցին մի քանի ժամում (տեսանյութ)
2016-08-14 01:21:00

Զարուհի Մեջլումյան

«Սասնա Ծռեր» խմբին հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի գործերի տաղավարի մոտ, Վերնիսաժում, արագ հասցրեցի տեսանկարահանել ու լուսանկարել ջութակի ու արևի տեսքով ժամացույցներն ու զարդատուփերը: Արթուրի ձեռագործ աշխատանքների մոտ մարդկանց հոսքը չէր նվազում: Փայտարվեստի ժողովրդական վարպետի սեղանը մի քանի ժամում դատարկվեց: Նրա տնից եղբոր ու ընկերների բերած բոլոր աշխատանքները վաճառվեցին հաշված ժամերի ընթացքում:

«Չնայած հայտարարել էինք, որ ժամը 11-ից ենք սկսելու վաճառքը, բայց մարդիկ առավոտյան 9-ից եկել են: Վաճառել ենք այն գներով, որոնք ինքն է դրել: Հո չե՞նք շահարկելու մեր ընկերոջ վիճակը, էդ տղուն չի կարելի շահարկել»,-ասաց վաճառքը նախաձեռնած նրա ընկերներից մեկը՝ Սամվել Թադևոսյանը:

Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն, ասաց, որ կիսապատրաստ վիճակում շատ աշխատանքներ կան, որոնք պիտի նրա ընկերների օգնությամբ ավարտին հասցնեն: Մյուս շաբաթ դրանք նույնպես կբերվեն Վերնիսաժ՝ վաճառքի: Արթուրի գործերի վաճառքը շարունակական է լինելու, վստահեցրին նրա ընկերներն ու եղբայրը, մինչև գործերի ավարտը կամ մինչև նրա ազատությունը:

Արսենը տեղեկացրեց, որ իր մայրը՝ տիկին Դոնարան, երկուշաբթի դիմելու է Սերժ Սարգսյանին՝ որդուն ազատելու խնդրանքով: Նամակում նշված է. «Արթուրին բանտելը մարդկային տրամաբանությունից դուրս է: Եթե կմերժեք խնդրանքս, բանտե՛ք նաև ինձ, քանզի ես եմ նրան այդպիսին դաստիարակել, բանտեք «Աստվածաշունչը», որին որպես սարկավագ սպասարկում էր Քանաքեռի եկեղեցում»:  

Վերնիսաժում հավաքվածները նույնպես կոչ էին անում՝ ազատել Արթուր Սարգսյանին՝ նրա քայլը որակելով մարդասիրություն:

Փայտագործ Արմեն Խաչատրյանը պատմեց, որ Արթուրը սիրում է առավոտյան շուտ գալ Վերնիսաժ. «Հիմա ամեն անգամ գալիս եմ, գիտեմ՝ ինքը ինձ պիտի ասի՝ բարի լույս...հույս ունենամ՝ մյուս շաբաթ կտեսնեմ»:

Արթուր Սարգսյանի տասնյակ գործեր Վերնիսաժում կվաճառվեն հաջորդ շաբաթ

hetq.am
Այս նյութը դիտել են - 8536 անգամ