Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում կենսաչափական անձնագրերն այլևս պարտադիր չեն: Սա ենթադրում է նաև անձնագրի համար սահմանված պետական մուծումների չափի փոփոխություն: Եթե կենսաչափական անձնագիրն արժե 25 հազար դրամ, ապա սովորական անձնագրի համար սահմանված պետական մուծումը ընդամենը 1000 դրամ է, գումարած երկրից դուրս գնալու համար սահմանված վիզայի արժեքը, որը 1 տարվա համար կազմում է 1000 դրամ:
Մինչ այդ գործող օրենքով, հիշեցնենք, կենսաչափական անձնագիրը պարտադիր է ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Կենսաչափական անձնագրերի պարտադրանքից հրաժարվելու օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ է մտել օգոստոսի 6-ից: Կենսաչափական անձնագիր ստանալիս անձը պետք է ունենար նաև նույնականացման քարտ կամ միաժամանակ դիմեր՝ դա ստանալու համար: Օգոստոսի 6-ից անձը կարող է առանց նույնականացման քարտի ստանալ հին նմուշի անձնագիր՝ ըստ ցանկության ստանալով նաև նույնականացման քարտ:
Ընդամենը 2 տարի առաջ ուժի մեջ մտած օրենքը /ըստ այդմ՝ 2014 թվականի հունվարի մեկից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր տրվելու էր կենսաչափական անձնագիր և նույնականացման կամ ID քարտ, որոնք ունենան մարդու անձնական տվյալների մասին ինֆորմացիա պարունակող էլեկտրոնային կրիչ/ փոխելու և կրկին հին անձնագրերին վերադառնալու հիմնական պատճառներից մեկը այս պահին հանրապետությունում կենսաչափական անձնագրերի փաստացի բացակայությունն է, և երկրոդ՝ առավել կարևոր պահճառը՝ սահմանադրական դատարանի որոշումն էր առ այն, որ մարդուն չի կարելի պարտադրել անպայման ունենալ կենսաչափական անձնագիր: Մինչ այդ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր սահմանադրական դատարան՝ վիճարկելու պարտադրանքի սահմանադրականությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր կրոնական համոզմունքներից ելնելով, չեն ցանկանում ստանալ նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր: Էլեկտրոնային ստորագրություն ունենալը կամ անձնագրում մատնահետք դնելը /կենսաչափական անձնագրում մատնահետք է դրվում-խմբ./ դեմ էր նրանց համոզմունքներին, ինչի հետևանքով եղել են դեպքեր, երբ անձը արդեն մեկ տարուց ավել չունի անձնագիր, սակայն հրաժարվում էր կենսաչափական անձնագիր ստանալուց: Խոսքը հիմնականում <<Եհովայի վկաներ>>-ի ու այդ կարգի այլ աղանդավորական կազմակերպությունների մասին է:
Երբ Հայաստանում ներդրվեց կենսաչափական անձնագրերի համակարգը, մի շարք քաղաքացիներ հայտարարեցին, որ հրաժարվում են վերցնել նոր ներդրված փաստաթղթերը, որովհետև այն հակասում է իրենց կրոնական համոզմունքներին:
Այս հարցով դեռ 2014 թվականից մի խումբ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպություններ դիմեցին Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ն էլ իր հերթին դիմեց Սահմանադրական դատարան: 2015-ի դեկտեմբերի 8-ին դատարանը որոշեց, որ այստեղ կա Սահմանադրության հետ կապված խնդիր, և ներկայացրեց իրավական դիրքորոշում: Հաջորդ քայլը եղավ օրենքի փոփոխությունը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, պարզաբանելով խնդիրը, նշել էր, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կենսաչափական անձնագրերի պարտադրանք չի լինի: Թե հատկապես ինչով է պայմանավորված այս ժամկետի ամրագրումը, հայտնի չէ: Պաշտոնապես ընդամենը հայտարարվել է, որ այս պահի դրությամբ, լեհական այն կազմակերպությունը, ում հետ պայմանագիր էր կնքվել կենսաչափական անձնագրեր տպագրելու վերաբերյալ, անձնագրեր չի մատակարարում:
<<Լեհաստանի հետ են տարվում բանակցություններ` որոշ խմբաքանակ ուղարկելու շուրջ: 2017-ի հունվարին ավարտվում է պայմանագրի ժամկետը, դրանից հետո նոր կապալառուն կապահովի: Մենք ուզում էինք կենսաչափական անձնագրի որակը բարելավել, որ այն լինի պոլիկարբոնատ էջով՝ նույնականացման քարտի որակից, ճկվող, ոչ թե թղթից, որ շուտ չփչանա, չպատռվի, չթրջվի>>,- ՀԺ-ի հետ հարցազրույցում ասել էր Մնացական Բիչախչյանը և ավելացրել, որ կենսաչափական անձնագրի պարտադիր լինելու նորմը վերացվում է ժամանակավոր, քանի որ կան երկրներ, օրինակ՝ Կանադան, որը իր երկիր մուտք գործելու թույլտվության համար պահանջում է կենսաչափական անձնագիր:
Բայց որն է լինելու ելքը, չէ՞ որ այն ժամանակ էլ կլինեն հրաժարվողներ: Անձնագրերի և վիզաների վարչության պետն ասում է, որ եթե մինչեւ 2019 թվականը կրոնական գործոնով պայմանավորված խնդիրներին վերջնական լուծում չգտնվի, կենսաչափական անձնագիրը պարտադրել հնարավոր չի լինի:Իսկ ինչ լուծման մասին է խոսքը, առայժմ պատկերացում չկա:
Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5804 անգամ