Միացյալ Նահանգների հայ համայնքն ակնկալում է Վաշինգտոնի ավելի սերտ ներգրավվում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը.
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ կա Մինսկի խմբի երեք համանախագահող, նրանք խորհրդակցում եւ աշխատում են միասին, եւ չպետք է լինի մեկ համանախագահող, որը փորձի մյուսներից անկախ գործել»:
Բարսամյանի խոսքով, կարգավորման գործընթացը պետք է մնա Մինսկի խմբի երեք համանախագահների շրջանակում եւ այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությունն այդ գործընթացին անտեղի է: Այդ նպատակով ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տանն ու Պետքարտուղարությունում հանդիպումների ընթացքում կոչ են անում ԱՄՆ-ի վարչակազմին ակտիվորեն մասնակցել կարգավորման գործընթացին.
«Ամեն ինչ պետք է արվի երեք համանախագահների շրջանակում, Հայաստանի եւ Ղարաբաղի մասնակցությամբ, իսկ պրն. Պուտինը պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»:
Բարսամյանի կարծիքով, հայկական կողմը խաղաղություն է ցանկանում եւ պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծմանն այն պայմանով, որ Ղարաբաղըբանակցությունների կողմ հանդիսանա եւ հավանություն տա կարգավորման առաջարկներին։Սակայն, ասում է նա, պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կարգավորել խնդիրը.
«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը պահպանի բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, մենք դա չենք տեսնում»:
VOA-ի փոխնացնմամբ, Միացյալ Նահանգների՝ ղարաբաղյան գործընթացի մեջ ներգրավման կողմնակից է նաեւ կոնգրեսական Ջիմ Կոստան, ով միեւնույն ժամանակ նշում է, որ կասկածում է Բաքվի պատրաստակամությանը.
«Միանշանակ, Ադրբեջանի նախագահի գործողությունները, այդ թվում՝ Ռուսաստանից եւ այլ երկրներից մեծաքանակ զենքի ձեռքբերումը, հարց են առաջացնում, թե որքանով է անկեղծ խաղաղ կարգավորմանն Ադրբեջանի նվիրվածությունը»:
Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավ ձեւաչափ կարող է հանդիսանալ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ խումբը:
Այս նյութը դիտել են - 4553 անգամ