«Ամերիկայի Ձայնը» գրում է. Դոնալդ Թրամփն անցած շաբաթ մի քանի անգամ հայտարարել էր՝ թե «Դաեշ» ահաբեկչական խմբավորումը ստեղծողները Հիլարի Քլինթոնն ու Օբաման են, ինչին հաջորդել էր «The New York Times» օրաթերթի հոդվածը, որտեղ ներկայացված են ռուսամետ քաղաքական գործիչների հետ Թրամփի ընտրարշավի կազմակերպչի սերտ կապերի մասին փաստեր:
Անցած շաբաթ իր ելույթների ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե իրենց ընդունած օրենքների պատճառով նախագահ Բարաք Օբաման և այն ժամանակ նրա պետքարտուղար հանդիսացող Հիլարի Քլինթոնն են ստեղծել «Դաեշ» ահաբեկչական խմբավորումը:
«Ես ասել եմ, որ Բարաք Օբաման է ստեղծել այն: Առաջին հերթին Բարաք Օբաման անիրազեկ է և երկրորդ հերթին՝ նա է խմբավորումը ստեղծողը»:
Թրամփն ավելի ուշ ասել է, թե այս արտահայտությունները ծաղրական են եղել, սակայն պնդել է, որ Օբամայի ընդունած օրենքները նպաստել են խմբավորման ստեղծմանը:
Թրամփի աջակիցները հավաստում են, որ նա հստակ ծրագրեր ունի «Դաեշ»-ի դեմ պայքարում, մինչդեռ Քլինթոնի աջակիցների խոսքերով, վերջինս պարզապես անհիմն մեղադրանքներ է ներկայացնում նախագահի և նրա առաջադրած նախագահի թեկնածուի հասցեին, փոխարենը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հստակ ծրագիր ներկայացնելը:
Սակայն նախքան Թրամփը կհասցներ իր ծրագրերի մասին խոսել, նա կրկին ստիպված է պաշտպանողական դիրք ընդունել, քանի որ «The New York Times» օրաթերթի հրատարակած հոդվածում ասվում է, թե նրա ընտրարշավի կազմակերպիչ Փոլ Մենֆորթը սերտ կապեր ունի Ուկրաինայի նախկին, ռուսամետ նախագահ Յանուկովիչի հետ: Հոդվածում խոսվում է Ուկրաինայում ընդհատակյա հաշվի մասին, որում կանխիկ 12 միլիոն 700 հազար դոլար է հատկացված Մենֆորթի համար:
Մինչ Թրամփի աշխատակիցը պնդում է, որ ինքը երբևէ այլ պետությունների կառավարություններից որևէ գումար չի ստացել, Հիլարի Քլինթոնի ընտրարշավը պահանջում է, որպեսզի Թրամփի բոլոր աշխատակիցների կապերը այլ երկրների կառավարությունների հետ դրվեն սեղանին: