Կառավարությունը պահուստային ֆոնդի սուղ միջոցների հաշվին ստիպված կլինի հերթական անգամ հատուցել դատավորների կայացրած ապօրինի վճիռների համար՝ որպես մարդու իրավունքների խախտման արդարացի փոխհատուցում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 18275/08 գանգատ) 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով օգոստոսի 18-ին կառավարության նիստում կքննարկվի պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) արդարադատության նախարարությանը 18 հազար 255 եվրո հատկացնելու հարցը:
Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը, ինչը նշված է նախագծի հիմնավորման մեջ, պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Գործը, ինչպես և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ ՀՀ-ի կայացրած մյուս որոշումների դեպքում, վերաբերում է սեփականության իրավունքների խախտմանը: Բայց, ի տարբերություն նախկին դեպքերի, դատական վեճն այս անգամ չի առնչվում գերակա հանրային շահ ճանաչված Երևանի կենտրոնի տարածքներին:
Նշված գործո՝վ դիմումատուին և նրա մորը սեփականության իրավունքով պատկանել է 223.9 քմ մակերեսով տուն և 770.3 քմ մակերեսով հողակտոր: Դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել մի քանի անհատների դեմ, ովքեր, ըստ երևույթին, այդ տանն ապրող իր հարազատներն էին՝ պահանջելով փոխհատուցման դիմաց դադարեցնել այդ տան մի մասի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման նրանց իրավունքը և վտարել նրանց: Համանման հայց է ներկայացրել նաև դիմումատուի մայրը:
Պատասխանողները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել սեփականության վկայականը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց կողմից օգտագործվող տան մասի և հողակտորի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ մերժելով դիմումատուի և նրա մոր հայցը, բավարարել է պատասխանողների հակընդդեմ հայցը, որը հետագայում Վերաքննիչ դատարանի կողմից չեղյալ է համարվել:
Պատասխանողները վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի կողմից նախ վերադարձվել է: Տվյալ որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և ենթակա չի եղել բողոքարկման:
Այնուհետև գործով պատասխանողները մեկ այլ վճռաբեկ բողոք են ներկայացրել` նախորդ բողոքի հիմքերին ավելացնելով այն, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում ընդունված դատական ակտին:
Արդյունքում պատասխանողների բողոքն ընդունվել է վարույթ և բավարարվել Վճռաբեկ դատարանի կողմից: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը` օրինական ուժի մեջ թողնելով Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը: Որպես հետևանք՝ 2007 թվականի նոյեմբերի 15-ին տան 115.4 քմ մակերեսի և հողակտորի 387 քմ մակերեսի առնչությամբ պատասխանողների անունով սեփականության վկայական է տրվել, իսկ Սիմոնյաններից մայրն ու որդին զրկվել են սեփականությունից՝ հողակտորից և տնից :
2016 թվականի ապրիլի 7 ին Եվրոպական դատարանի կայացրած վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև՝ Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը հարկ է համարել նաև նշել, որ նույն խախտումն արձանագրվել էր նաև «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Այսինքն՝ ՄԻԵԴ-ի վճիռն այս դեպքում արդեն դառնում է նախադեպային և վկայում է այն մասին, որ Հայաստանում սեփականության իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում:
Սիմոյնանների գործով կայացրած վճռում Եվրոպական դատարանը վերահաստատել է նախկինում իր կողմից կայացված դիրքորոշումն առ այն, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի:
Նշենք, որ դիմումատուն նյութական վնասի համար պահանջել է 30 հազար 510 եվրո, որը տան և հողակտորի այն մասի շուկայական արժեքն էր, որից նա զրկվել էր: Դիմումատուն պահանջել էր նաև 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 15 հազար 255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, իսկ 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Փաստորեն ստացվում է, որ դատավորների՝ ակնհայտ կաշառքով կայացրած ընդդեմ մարդու իրավունքների վճիռների համար ստիպված ենք վճարել հարկատուներս՝ բյուջեի սուղ միջոցներից կատարելով իրավունքների վերականգնման փոխհատուցում:
Իսկ որտե՞ղ է դատավորների պատասխանտվության մասնաբաժինը, ինչո՞ւ նրանք անձամբ պատասխան չեն տալիս իրենց խայտառակ որոշումների համար: Պահուստային ֆոնդից գումար հատկացնելու փոխարեն՝ թող բարի լինեն իրենց վերցրած կաշառքները հավաքել և ուղարկել Եվրոպական դատարան՝ որպես քաղաքացու խախտված իրավունքների հատուցում:
Դավիթ Մանուկյան