Պետությանը խաբող ուսանողը...
2015-12-22 18:00:00

 ilur-ը   գրում է .     Երեկ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ԿԳ նախարարը ներկայացրել է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել:

Աշոտյանը ասել է, որ գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն, մանկավարժական, գյուղատնտեսական կադրերով համալրման խնդիրը չի լուծվում:

Սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են՝ վստահեցնելով, որ պետք է գնան եւ աշխատեն, հետո չեն ուզում եւ չեն արդարացնում պետության ծախսերը: Համայնքներում մասնագիտական կադրերով ապահովման խնդիրն արդյունքում չի լուծվում: Հիմա հստակ պահանջ են ուզում ձեւակերպել օրենքում, որ եթե շրջանավարտը հետո այս կամ այն պատճառով չի ուզում գործուղվել կառավարության կողմից այս կամ այն բնակավայր որեւէ աշխատանքի առնվազն 3 տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը:

Այս կապակցությամբ ներկայացնում ենք Դանիայում ապրող և աշխատող հայ երիտասարդներից մեկի գրառումը իր բլոգում.

Բարև ձեզ, ես Բյուրակնն եմ: Ապրում եմ Դանիայում: Աշխատում եմ Կոպենհագենի համալսարանում որպես ասպիրանտ (հա, էստեղ ասպիրանտները հարկատու աշխատողներ են): Ինձ այսօր ՀՀ ԿԳ նախարարն անվանել է խաբող ուսանող:

Ութ տարի պետության հաշվին սովորել եմ (մի կողմ թողնենք, որ կլինիկական օրդինատուրան բոլոր խելքը գլխին երկրներում վարձատրվում է, ոչ թե ուսման տեսակ է համարվում), հետո խաբել-թռել եմ, որովհետև մարզում չեմ աշխատել, տո Երևանում էլ համարյա չեմ աշխատել:

Երբ 2009-ին կարմիր դիպլոմով ավարտեցի բժշկական համալսարանը, գնացի հոգեբուժության կլինիկական օրդինատուրա: Գրողը տանի, կարմիր դիպլոմ: Գրեթե որ մասնագիտության վրա մատս դնեի, անվճար օրդինատուրան իմն էր: Բայց հոգեբուժություն գնացի, որովհետև սիրում էի ու որովհետև հետո գործ գտնելը դժվար չէր լինի. Հայաստանում հոգեբույժների պահանջ կա:

Բայց 2009-ի սեպտեմբերի 1-ին հոգեբուժության ամբիոնի վարիչը գործի չէր եկել, ու հետբուհական բաժնի տեղեկանքը ձեռքից շվարած ման էի գալիս Նորքի հոգեբուժարանի բակում: Ու էդպես սկսվեց իմ պայծառ կլինիկական օրդինատուրան: Ամբիոնի վարիչի միակ պահանջը հնացած կապույտ գիրքն անգիր իմանալն էր: Իսկ դրանից ավելի շատ գիտելիքի բախվելիս պաշտպանական դիրք էր բռնում: Բաժանմունքում հիվանդների հետ աշխատանքս հինգ րոպե էր տևում, թղթաբանությունը՝ ժամեր, որովհետև բժիշկների ձեռքի տակ համակարգիչ չկար, ու հիվանդության պատմությունը ձեռքով էր գրվում, ձեռքով արտագրվում: Ո՜նց էի երազում, որ ինչ-որ հրաշքով գրիչով գրվածը քոփի-փեյսթ անել լիներ:

Երկու տարում ես ոչինչ չսովորեցի, բացի մի քիչ գիտություն անելուց (ինչը, ի դեպ, ամբիոնի վարիչը չէր խրախուսում) ու նրանից, որ Հայաստանում մնալ չեմ ուզում: Երկու տարի անց պետությանը խաբեցի ու մարզում աշխատելու փոխարեն իրերս հավաքեցի, գնացի Եվրոպայում սովորելու:

Երկու տարի Եվրոմիության հաշվին սովորեցի: Իսկ երբ ավարտեցի, ոչ ոք վրաս մատ թափ չտվեց, թե՝ պարտավոր ես պետությանը ծառայել, գնա, էսինչ երկրում աշխատի: Ու հենց դրա համար նորից իրերս հավաքեցի ու եկա Հայաստան՝ երազելով մարզային որևէ հիվանդանոցում հոգեբույժ աշխատելու մասին: Պիտի որ խնդիր չլիներ, որովհետև լիքը թափուր աշխատատեղերի հայտարարություններ կային: Ու թքած, որ եվրոպական դիպլոմս Հայաստանում ոչ մեկի ոչ մի տեղին չէր. դրանով գործ ճարելու հույս ընդհանրապես չկար:

Կներեք, որ փորձեցի էնպիսի բնակավայր ընտրել, որտեղից մայրաքաղաքն ամեն շաբաթ-կիրակի հասանելի էր: Կներեք, որովհետև Երևանում եմ մեծացել, ծնողներս էլ են Երևանում մեծացել, ու մարզերում ոչ մեկի չեմ ճանաչում: Ու մարզերում ոչինչ չի կատարվում: Ու կներեք, որ մի քիչ շատ բան էի ուզում՝ միջին աշխատավարձ:

Հա, մի քիչ շատ բան էի ուզում, որովհետև էդպես էլ իմ ուզած մարզերում գործ չճարեցի: Պարզվեց՝ Վանաձորի տեղի վրա նպատակային կլինիկական օրդինատոր կար: Մի քանի ուրիշ տեղերում էլ էին արդեն մարդ ճարել: Արարատի հիվանդանոցի հետ էդպես էլ չկարողացա կապվել: Վերջին հույսս Դիլիջանն էր: Գնացի-հասա էնտեղ: Գլխավոր բժշկուհին սկսած՝ էդպիսի աշխատավարձ քեզ չենք տալու, եթե շտապօգնությունում էլ չհերթապահես, վերջացրած՝ բայց մենք հոգեբույժ ունենք, ես չեմ կարող նրան թոշակի ուղարկել: Տպավորություն էր, որ ես եմ իրեն համոզում, որ ինձ գործի ընդունի:

Բայց դե ես շատ հայրենասեր մարդ եմ, հո էդքան հեշտ չհանձնվեցի՞: Վերջը Նուբարաշենում գործի ընդունվեցի իմ պատկերացրածից երեք անգամ ավելի ցածր աշխատավարձով, որի միայն մեկ երրորդը տրանսպորտի վրա էի ծախսում: Ու էլ չխոսեմ, թե ինչ տխուր պայմաններում էր հոգեբուժարանը:

Եվրոմիությունն իր փողերը հետ չուզեց, չէ՞: Բայց էդ դիպլոմը Դանիայում պետք եկավ: Էդ դիպլոմը, որի երեսին Հայաստանում նայել չէին ուզում, ինձ բարձր աշխատավարձով աշխատանք տվեց: Դե հա, Եվրոմիությունն ինչու՞ հետևիցս ընկներ, իր փողերը հետ ուզեր: Գիտեր, որ վաղ թե ուշ Եվրոպայում եմ գործ ման գալու: Վստահ էր, որ էնպիսի աշխատանքային պայմաններ է ստեղծելու, որ ինքս եմ ուզենալու աշխատել:

Հիմա հարգելի Աշոտյան, պետպատվերի փողերը հետ ուզելու ու կոռուպցիոն ռիսկերը մեծացնելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի մարզերում էնպիսի պայմաններ ստեղծվեին, որ շրջանավարտները վազելով գնային մարզեր: Էլի կսկսեք, թե՝ պետությունը փող չունի, սենց-նենց: Պետությունը փող չունի, ուրեմն սսկվեք, նստեք ձեր տեղները, ոչ թե մարդկանց ձեր ստրուկը սարքեք:

 

ilur.am

Այս նյութը դիտել են - 1664 անգամ