Օլիմպիական խաղերի թոհուբոհի մեջ շատերը, հնարավոր է չնկատեցին, թե ինչ տեղի ունեցավ հեռուստաաշխարհում: Նախ «հ2»-ի պահանջով Ucom-ը, «Ռոստելեկոմը» եւ մյուս նմանատիպ ընկերությունները դադարեցրին Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի ցուցադրումը:
Այնուհետեւ Ucom-ը դադարեցրեց Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի հանդիպումների հեռարձակումը՝ այս անգամ «Արմենիայի» պահանջով:
Կարճ ասած՝ հայ հեռուստադիտողի նյարդերը քայքայելու, այս երկրից ավելի հիասթափեցնելու գործընթաց է գնում, որին հաճույքով մասնակից է դարձել ֆիննախ Գագիկ Խաչատրյանը, որը, ըստ սրճարաններում շրջանառվող համառ լուրերի շատ սերտ առնչություն ունի Ucom-ի հետ:
Անցած մրցաշրջանում, երբ կրկին «Արմենիայի» պահանջով դադարեցվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղերի հեռարձակումը, ՀՀ քաղաքացիների ակտիվ բողոքներից հետո Ucom-ը համաձայնության եկավ «Արմենիայի» հետ, եւ այն հանդիպումները, որոնք այդ հեռուստաալիքով չէին ցուցադրվում, չէին փակվում մյուս ալիքներով: Իհարկե, ոչ իդեալական լուծում, բայց Ucom-ի շատ բաժանորդներ այս փոխզիջումից հետո չհրաժարվեցին Ucom-ի ծառայություններից:
Հիմա ստացվեց այնպես, որ վերցրին եւ խախտեցին ձեռք բերված համաձայնությունը: Ստացվում է Գագիկ Խաչատրյանը սպասարկելով «Արմենիայի» շահերը՝ զոհում է Ucom-ը, քանի որ վերջին երկու հուժկու հարվածներից հետո բազմաթիվ են մարդիկ, ովքեր պատրաստվում են հրաժարվել Ucom-ից: Գաղտնիք չէ, որ շատերը վճարում են միայն ու միայն որակյալ եւ լիարժեք ֆուտբոլ դիտելու համար:
Իսկ հիմա զրկում են Անգլիայի առաջնությունից, զրկում են Չեմպիոնների լիգայից: Ի վերջո հայկական հեռուստաալիքը ցուցադրում էր Ստյաուա-Մանչեսթեր Սիթի խաղը, իսկ ռուսական «Մատչ»-ը՝ Այաքս-Ռոստով խաղը, որի հեռարձակումը եւս դադարեցվեց, ինչը ձեռք բերված պայմանավորվածության, տրված խոստման կոպիտ խախտում էր:
Պատահական չէ, որ սոցցանցերում արդեն նույնիսկ գրում են, թե Գագիկ Խաչատրյանը ոչ թե սպասարկում է «Արմենիայի» շահերը, այլ այդ հեռուստաընկերության անխոնջ աշխատակիցներից է:
Եւ վերջին հաշվով բավական է ծաղրի ենթարկել հայ հեռուստադիտողին: Ժամանակն է, որ Ucom-ը եւ մյուսները կարողանան լրջորեն խոսել հայ ֆուտբոլասերին ֆուտբոլից զրկող հեռուստաընկերությունների ղեկավարության հետ, հակառակ դեպքում կկորցնեն իրենց բաժանորդներին:
Հակոբ Ասատրյան