ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե հուլիսյան դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից:
Գրառման մեջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը մասնավորապես նշել է.
«Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է:
Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ, ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին:
Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցն ելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ: