Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին չի զարմացնում նաեւ այն փաստը, որ ՀՀ ոստիկանությունում երկու հոգեւորականներ են աշխատում
2016-08-18 19:19:00

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին Հայաստանում կատարվող եւ ոչ մի բան այլեւս չի զարմացնում։ Չի զարմացնում նաեւ այն փաստը, որ ՀՀ ոստիկանությունում երկու հոգեւորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ, երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում եւ մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին:

Անձամբ Ծատուրյանը չի ընդունում հոգեւորականությանը.«Ես չեմ ընդունում, որովհետեւ ուրիշ կարծիք ունեմ. Եթե ես պետք է հաղորդակցվեմ Աստծո հետ, ինքս եմ հաղորդակցվում, իրենց միջոցով պետք չի, մանավանդ որ մեր հոգեւորականությունը իրեն շատ «լավ» է դրսեւորում, բայց ոստիկանությանը հավանաբար պետք են նրանք, թող մի քիչ մաքրեն ոստիկանությանը, դրա կարիքն ունեն։ Այսինքն, բավական համահունչ է, հարմոնիկ ոստիկանների ու քահանաների իրար հետ լինելը, միմյանց հետ հարաբերվելը։

Մեր ոստիկաններն էլ ապացուցեցին, որ իրենք այն չեն, ինչ պետք է լինեն»,- ասաց պարոն Ծատուրյանը նկատելով, որ թեպետ ոստիկանության գործելաոճը վաղուց է հայտնի, բայց «Սասնա ծռերի» ապստամբության օրերին նրանք ակնհայտ թշնամական վերաբերմունք դրսեւորեցին։

Դիտարկմանը, որ քննադատություն կա նաեւ մտավորականության հասցեին, որոնք կամ անտարբեր են հասարակական կյանքում ընթացող երեւույթներին, կամ հանդես են գալիս իշխանության շահերից, Ծատուրյանը զարմացած արձագանքեց.«Այ, մարդ, էս մտավորականությունը ինչ կապ ուներ վերջին դեպքերի հետ, որ կոչ էլ անում է։ Ազգս մի քիչ շաշ ա, դեսպան են ուղարկում Շառլին…մտավորականն ինչ իմանա՞, սա քաղաքականություն է, այստեղ քաղաքագետներ են պետք, վերլուծաբաններ, ինչ պետք է անի մշակույթի խեղճ ու կրակ մարդը։Ի՞նչ կոչ պիտի անեին, եթե այդ ամենը շատ լուրջ կազմակերպված, խելոք մարդու գործ է, որը քաղաքականությունը լավ գիտի, շատ ակտիվ է ու կարող է հեղաշրջում ծրագրել, մտավորականը ինչ պետք է անի՞»։

Ծատուրյանը հիշեց, որ էլեկտրիկ Երեւանի բողոքի ակցիաների ժամանակ մտավորականությունը կրկին կանգնեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ՝ ասելով.«Այդ բոլորը դեկորատիվ բաներ են։ Ինչքա՜ն մտավորականներ գնացին Ղարաբաղ, նկարվեցին ու հետ եկան, դեկոր է, էլի, դեկոր»։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ՀՀ ոստիկանությանը հարցում էր ուղարկել ճշտելու՝ ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն արդյոք հոգեւորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք, եւ ո՞րն է վերջիններիս ֆունկցիան: Խնդրել էին՝ մանրամասն ներկայացրել տվյալ անձանց աշխատանքային պարտականությունները, արդյոք շաբաթը մեկ կամ երկու անգամ առանձին հանդիպումներ ունենո՞ւմ են ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Որքա՞ն է տվյալ անձանց աշխատավարձը եւ ինչ պարբերականությամբ են նրանք ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս:

Պատասխանը հետեւյալն էր. «ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ։ 2013 թվականի փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը։

Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 5712 անգամ